Սարքել են կեղծ տեղեկանք, որ «բարձրյալը» ֆիասկոյից հետո գոնե մի գիշեր հանգիստ քնի․Պասկևիչյան
Գրող, լրագրող Տիգրան Պասկևիչյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տարածված փաստաթուղթն, անշուշտ կեղծ է՝ մեկ գրամ անգամ կասկած չունեմ։
Բացատրեմ՝ ինչու։
КГБ-ի նման կառույցները սովորաբար այսպիսի փաստաթղթեր չեն հրապարակում։ Անգամ քաղմասները չեն վառում իրենց աննշան осведомитель-ներին։ Ավելի հավանական է, որ հայրենի ԱԱԾ-ի գլուխները չեն կարողացել դիմանալ «բարձրյալի» ճնշմանն ու սարքել են կեղծ տեղեկանք, որ վերջինս («բարձրյալը») երեկվա ֆիասկոյից հետո գոնե մի գիշեր հանգիստ քնի։
Կանցնի շատ քիչ ժամանակ եւ, ինչպես նախորդ բոլոր պարսավագրերը, սա էլ աղբամանը կնետվի՝ հենց իրենց ձեռքով։
Եւ պատահական չէ, որ այն տարածվում է ինչ-որ չնթռլո (կներեք լատիներենիս համար) կայքի միջոցով, որովհետեւ հետո հեշտ կլինի ուրանալ մեղսակցությունը։
Բայց մի պահ ենթադրենք, որ սա իրական փաստաթուղթ է։
Ե՛ւ… Հետո՞… Հետո ի՞նչ…
Նշված անունով մարդը պետական բարձր պաշտո՞ն է զբաղեցնում, ուժային կառույցո՞ւմ է աշխատում, ազդեցիկ հասարակական գործի՞չ է (ասենք՝ Դանիել Իոնիսյանի նման)։
Մարդ է, գուցե չի դիմացել ճնշումներին, հավաքագրվել է։ Այդպես սովետի տարիներին տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքագրվել։ Իսկ այս թուղթը ձեռներն առած տրտինգ տվողներդ՝ ի պաշտոնե, ի՞նչ եք արել КГБ-ի անասնական վարքն ու բարքը բացահայտելու, մերկացնելու, դրան արժանի գնահատական տալու ուղղությամբ։
ՈՉԻ՛ՆՉ…
Ու չեք արել, որովհետեւ դա ձեր բարոյակերպին հար ու հարազատ է։ Որովհետեւ դուք էլ ճնշումներով ու շանտաժով եք հավաքագրում՝ ոչ միայն եպիսկոպոսներին, այլեւ ձեր ազդեցության գոտում հայտնված ցանկացած ԺԷԿ-ի պետի, որ գնան՝ ուր կասեք եւ անեն՝ ինչ կասեք։
P.S.
Եթե դա իսկապես ճիշտ է, թեեւ ճիշտ չէ անկասկած, ճիշտ կամ սուտ լինելու դեպքում ինքնին մեծ հարված է ինքնիշխան Հայաստանի ԱԱԾ-ին։ Վաղը-մյուս օրն ո՞վ կհամագործակցի այն կառույցի հետ, որը գաղտնի փաստաթղթեր է մատակարարում»։
Դիտեք նաև՝
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եկեք սառը գլխով և սթափ հասկանանք, թե երեկվա «սլիվն» ինչի մասին էր և ինչ նպատակ էր այն հետապնդում։
ԿԳԲ-ի մասին օրվա իշխանությունների կողմից նման որակի դեմոնիզացիան ինքնին խոսում է հակապետական լինելու մասին, քանի որ այդ կառույցը, առաջին հերթին, ուներ պետական անվտանգությունն ապահովելու իրական ֆունկցիա։ Այն մի հիմնարկություն էր, որից սարսափում էին բոլորը, քանի որ նրա «ամենատես աչքը» ամենուր էր։
Ասվածս թյուրըմբռնում չլինի և հերթական հիբրիդային թիրախը դառնալու ցանկություն բնավ չունեմ․ պարզապես ցանկանում եմ բաց տեքստով ասել, որ տվյալ կառույցն ուներ հստակ գործառույթներ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգության հետ կապված։
Հրապարակված թղթի կտորը, զավեշտից ու զվարճանքից բացի, այլ զգացողություն չառաջացրեց, քանի որ ես խորը հիասթափություն կապրեի, եթե ժամանակին նման անգրագետ ու փնթի ձևակերպումներով փաստաթուղթ պետական ներկայացվեր (օրինակ՝ «Ոսկեհատ»-ը «Վոսկեհատ» էր գրված), էլ չեմ ասում՝ հայերեն տեքստի մասին։
Իմ կարծիքով՝ օրակարգում Նիկոլ Փաշինյանն այստեղ ընդամենը փորձում էր հագուրդ տալ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում ստացած հակահարվածին։ Նա, թերևս, շատ ծանր է տարել Մայր Աթոռի տարածքում տեղի ունեցածը, երբ իր 10 տիրադավերը ուղղակի դուրս շպրտվեցին Սրբության Սրբոցից։ Նրա մտասևեռումները, հավանաբար ոչ մի կերպ չէին կարողանում ընկալել, որ տեղի ունեցածը ֆիասկո է. չնայած ես սա չեմ համարում հիմնական գործողություն, այլ ընդամենը՝ ստուգիչ քայլ՝ տրամադրությունների և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։
Ուստի համապատասխան կառույցից նմանօրինակ տեսքի մի թղթակտոր են ստացել և ողջ թիմով լծվել դրա տիրաժավորմանը։ Այն աստիճան պրիմիտիվ, որ իշխանական «կարկառուններից» մեկն էլ փորձում է հերթական անգամ ջրբաժաններ սահմանել՝ հայտարարելով, թե «ընդդիմությունը լծվել է գործակալին պաշտպանելուն»։
Չէ՛, ընդդիմությունը գործակալ չի պաշտպանում, պարզապես բարձրաձայնում է, որ դուք իրավիճակն եք մանիպուլացնում։ 1986 թվականին, ձեր նշած թղթի ժամանակագրությամբ, տվյալ մարդը հանդիսանում էր Սովետական Միության քաղաքացի, և վստահ եմ, որ ոչ ոք չի կարող հստակ ասել, որ, եթե անգամ այդ թղթակտորն իրական է, ինչ նպատակով է տեղի ունեցել այդ գործընթացը և ինչ խնդիր է դրանով լուծվել։
Հա,ասեմ, որ ձեր հորջորջվող հիմնարկը 1991 թվականից գոյություն չունի»։