▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Անանյանն օգնության կարիք ունի. «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի իշխանությունները վերադարձրել են  դրանից մեկ ամիս առաջ` օգոստոսի 26-ին, այդ երկրի տարածքում հայտնված, Նոյեմբերյան քաղաքի՝ 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանին: Նա ներկայումս գտնվում է Կողբ  գյուղում՝ քրոջ  տանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ս. Անանյանն ասաց, որ Ադրբեջանում իր գլխին պարկ են հագցրել եւ ծեծել, հարվածել են հատկապես գլխին ու ոտքերին: Անանյանի հարազատները մտավախություն ունեն, որ նրա մոտ ոտքի փտախտ կարող է սկսվել: 

Բանն այն է, որ Սարգիսը 13 տարեկանից ձախ ծնկահոդի վնասվածք, 3-րդ խմբի հաշմանդամություն ունի: Նրան անհրաժեշտ դեղերը գնում են  հարազատները, որոնք նույնպես սոցիալապես անապահով են: Ս. Անանյանի քույրը՝ Կողբի բնակչուհի Սիրուշ Երկնափեշյանը, ասաց, որ իրենք Սարգիսին ֆինանսապես օգնելու համար դիմել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Վերջինիս հրահանգով Կողբ՝ Սարգիս Անանյանին տեսակցության են եկել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի 3 աշխատակիցներ: Սակայն բժշկական կենտրոնի կողմից Ս. Անանյանին դեղորայքային աջակցություն դեռ չի ցուցաբերվել:

Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ քաղաքապետարանը, ըստ հնարավորի, ֆինանսապես կօգնի Սարգիսին: Մեզ հետ զրույցում Սիրուշ Երկնափեշյանը հայտնեց, որ իրեն զանգահարել են Երեւանում գործող սոցիալական ինչ-որ ծառայությունից եւ խոստացել Երեւանում Սարգիսին բուժօգնություն ցուցաբերել, նաեւ հոգալ նրան Երեւան տեղափոխելու ծախսը: Նշված սոցիալական ծառայությունից Սարգիս Անանյանի հարազատներին խորհուրդ են տվել նրան տեղափոխել հոգեբուժական հիվանդանոց:

Հարազատները, սակայն, դրան դեմ են, քանի որ Ս. Անանյանը ագրեսիվ վարք չի ցուցաբերում, եւ նրան  հասարակությունից մեկուսացնելու կարիք չկա, պարզապես հարկավոր է դեղորայքային բուժում: Ս. Անանյանը Երեւանում պետք է արյան հետազոտության ենթարկվի, որպեսզի պարզվի՝ ադրբեջանցիները նրան թունավոր նյութեր ներարկե՞լ են, թե՞ ոչ: Սարգիսն ասում է, որ իր գլխի մեջ «մի քանի հոգի զրուցում են»: Նա իրականության զգացումը կորցնելու պատճառով է հայտնվել Ադրբեջանում: Սարգիսն աղոտ հիշում է, որ հայ դիրքապահները սահմանն անցնելու ժամանակ իրեն ձայն են տվել: Հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող մարդուն, որը Ադրբեջանում է հայտնվել իր կամքից անկախ, պետությունն առայժմ գրեթե չի օգնում:  Ադրբեջանում հայտնված, Չինարիի բնակիչ Արսեն Խոջոյանին, մեր տեղեկություններով, պետական բյուջեից 400 հազար դրամի աջակցություն է ցուցաբերվել: Սոցիալական վատ վիճակում գտնվող Արսեն Խոջոյանին ֆինանսապես օգնելուն ոչ ոք դեմ չէ, սակայն ինչո՞ւ նման վերաբերմունք չի ցուցաբերվում  նաեւ հաշմանդամ Սարգիս Անանյանի նկատմամբ:

Հեղինակ` ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին