ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում ներկայացրել է Հայ-Ռուսական համալսարանի Ուսանողության նամակը, որը կարող եք կարդալ ստորև․
Վերջին շրջանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները Հայոց Ցեղասպանության՝ որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ, մեծ տարընկալում են առաջացրել հասարակության շրջանում։
Այդ իսկ պատճառով ս․թ․ փետրվարի 12-ին մի խումբ նախաձեռնող անձինք, որոնց թվում էին նաև Հայ-Ռուսական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ, կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել ՀՀ Նախագահին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ։
Մասնավորապես, հանրագրով պահանջվում էր թվարկել համապետական համազգային շահերը, որոնցով առաջնորդվում է ՀՀ Նախագահը, և հստակեցնել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը որպես համապետական և համազգային շահ։
Ցավոք, որոշ գիտական կոչում ունեցող ղեկավարներ և պաշտոնյաներ այդ պահանջին չմիացան, ավելին՝ փորձեցին իրենց տիրույթում զրոյացնել հանրային կոչը։
Այդ շարքերում է նաև Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը։
Պարոն Սանդոյանը վախենում է, երբ առաջանում է բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրության կենտրոնում հայտնվելու թեկուզ տեսական «ռիսկ»։
Այդ իսկ պատճառով նա մի քանի օր առաջ պահանջել է իրեն ներկայացնել 10-ից ավել ուսանողների, ինչպես նաև ամբիոնի վարիչ Արթուր Ղամբարյանի անձնական գործերը։
Իսկ ահա փետրվարի 17-ի ռեկտորատի նիստի ժամանակ հայտարարեց, որ խստորեն պատժելու է այն անձանց, ովքեր հանրային տիրույթում հանդես են գալիս որևէ հայտարությամբ։
Առավել անընդունելի էր իր պահանջը առհասարակ որևէ հանրային կարծիք հայտնելուց առաջ այն նախապես համաձայնեցնել իր հետ։
Նման մոտեցումը մենք, ուսանողներս, խիստ դատապարտում ենք և պահանջում ենք ռեկտորից որևէ կերպ չմիջամտել հանրային կարծիքի կամ պահանջի հայտմանը, և հարգել ՀՀ քաղաքացիները ազատ արտահայտվելու անքակտելի Սահմանադրական իրավունքը։
Հարգանքով՝ Հայ-Ռուսական համալսարանի Ուսանողություն
Հավելենք, որ խնդրի առնչությամբ Վարդան Ղուկասյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանին ու Ռուսաստանի Բարձրագույն Կրթության և Գիտության նախարարին գրել է նամակներ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև․