▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Վարդանյանը դատարանից ազատ արձակվեց

Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ դատավոր Չիչոյանն իր պաշտպանյալի խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը։
Սամվել Վարդանյանը դատարանից ազատ արձակվեց:

Դիտեք նաև՝

***

Սամվել Վարդանյանի խոշտանգվելու դեպքի վերաբերյալ լրագրողները կարծիք հարցրեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանից, ով ի պատասխան ասաց․ «Հայտարարությունների հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն, արդյունքները կհրապարակվեն՝ իրականությո՞ւն է, թե՞ ոչ: Իմ կարծիքով նման դեպք չի կարա տեղի ունենա»,- ասաց նա։

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․

«1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Հիմա տանն է։
2) Նորմալ երկրում դատարանի որոշումը (տնային կալանք + 7 մլն գրավ) կլիներ անհամաչափ։ Սակայն առկա պայմաններում մենք՝ Վարազդատը, Արամն ու ես, դատական նիստի ընթացքում եկանք այն համոզման, որ «բանտային կալանք»-ից խուսափելու առումով միակ իրատեսական տարբերակը տնային կալանք և խոշոր չափով գրավ միջնորդելն է։ Գրավը մենք միջնորդել էին նույնիսկ 10 մլն-ի չափով։
3) Խոշտանգման մասով. ինձ քիչ առաջ զանգահարեց ՔԿ մի քննիչ և հայտնեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ և վաղը Սամվելին հրավիրում է հարցաքննության։ Սայլը ՄԵԾ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ տեղից շարժվեց։
4) Բազմաթիվ մարդիկ են գրում՝ գրավի հարցում օգնելու պատրաստակամությամբ։ Գրավի չափն իրոք շատ խոշոր է, Շուտով կխոսեմ Սամվելի հետ և կառաջարկեմ տրամադրել հաշվեհամար, որ ցանկացողները կարողանան մասնակցել։ Նկատի ունեցեք, որ գումարը վերադարձվելու է այն ժամանակ, երբ բուն վարույթն ավարտվի (կարող է տևել 1-2 տարի):
5) Կրկին մեծ շնորհակալություն՝ աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ, հանրային գործիչներ, քաղաքացիներ)՝ մեզ չէր չէր հաջողվի արդյունք ունենալ։ Ուրախ ենք, որ մեզ հաջողվեց տեղ հասցնել ամենակարևոր ուղերձը՝ սա ոչ միայն ու ոչ այնքան Սամվելի հարցն է, որքան մեզնից յուրաքանչյուրի ու մեր զավակների»։

***

«Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել ոստիկանական մեքենայի մեջ ու շղթայված է եղել` ձեռքերը ետևում: Ոստիկաններից մեկն էլ խոշտանգման ընթացքում բերանն է փակած եղել, որ անգամ ձայն չկարողանա հանել»,- ասուլիսի ընթացքում հայտնեց Սամվել Վարդանյանի իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը: Նա նաև շեշտեց, որ իր ներկայացրած լուսանկարում Սամվելի ծնկները աղտոտված են թարմ կանաչ խոտով, ինչն ապացույց է, որ նրան ծնկի են բերել ու խոշտանգել:

***

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկե՞լէ ԱԺ ՔՊ նախագահի վրեժի ժամանակը…Հայաստանում արգահատելի հանցագործություն կատարվեց, լոկ կասկածյալ, փաստացի հանրային պարսավանք իրականացրած Սամվել Վարդանյանի անմարդկային խոշտանգումը, որի պատվիրատուները, կազմակերպիչները եւ իրականացնողները պետք է խստագույնս դատապարտվեն, հանրայնորեն բացահայտվեն։ Հայաստանում նման քսու եւ ստոր հաշվեհարդար երբեւէ չէր կայացել ընդդիմադիր քաղաքացիների հանդեպ, կատարվածի մասին պետք է բոլոր իրավապաշտպան կառույցներին տեղյակ պահել, որ աջ ու ահյակ ժողովրդավարության եւ խաղաղության մասին բղավող իշխանությունը սթափվի անպատժելիությունից։ Բավական էր՝ ԱԺ նախագահը սպառնա խիստ պատժել, եւ Սամվել Վարդանյանին ձերբակալեցին, ապա անմարդկային խոշտանգեցին դիմակավորված մարդիկ ոստիկանության առերեւույթ հիմնավոր համաձայնությամբ։ Հազար ամոթ բոլոր նրանց, ովքեր կանգնած են այս ամենի ետեւում, գործող անձինք են, ոչ միայն Աստուծո ահեղ դատաստանին են արժանանալու, այլեւ Հայաստան պետության օրենքի խստագույն պատժին։ Հայաստանը դարձնելու ենք օրենքի երկիր»։

***

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իհարկե, ոստիկանության ներկայացուցիչների կողմից բռնության բոլոր դեպքերը պետք ա բաձրաձայնվեն, մեղավորները պատժվեն, էդ երևույթը քոքից կտրվի։ Առավել զզվելի են էն դեպքերը, երբ դրանք քաղաքական մոտիվներ ունեն ու թույլատրվում, հանձնարարվում են քաղաքական ղեկավարության կողմից։
Բայց փորձված բան ա՝ դրա մասին մենակ ստատուս գրելը չի օգնում։ Էս քաղաքական ռեժիմը դեռ նոր-նոր ձևավորման փուլում ա։ Դրա դեմ պետք ա պայքարել իրական կյանքում, ոչ վիրտուալ։ Հետո ուշ ա լինելու։ Հիմա հեշտ ա։ Բայց նույնիսկ հիմա՝ հեշտ ժամանակները, ստատուս գրելով ոչինչ չենք կանխելու։ Քանի դեռ փողոցում տեղի ունեցող պրոցեսներին հազարավորներ չեն մասնակցում, գործերը լավ չեն լինելու։ Ամոթանք տալով չի։ Միայն համեմատեք՝ մարդիկ քո ինքնությունը հետևողականորեն ոչնչացնում են, դու ամոթանք ես տալիս ու անցնում քո առօրյա գործերին։ Տենց չի դառնա»։

***

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արժեքների գահավիժման և խիստ դատապարտելի ևս մի դրվագ է այսօր հանրայնացվում։
Անկախ նրանից, թե իշխող պատգամավորի նկատմամբ ինչ էր տեղի ունեցել տրանսպորտում, իրադարձությունների հետագա զարգացումները, դա իշխանական ուժային լծակներով ինքնիրավչության, խիստ դատապարտելի դեպք է։ Միայն անլիարժեքության բարդույթով և բռնության հակումով իշխանությունը կարող էր կատարել այն ամենը, ինչ կատարվել է Սամվել Վարդանյանի հետ` ձերբակալելուց հետո։ Ինչպես կարող է այսքան ապօրինություն կատարած իշխանությունը խոսել օրինականության մասին, երբ ինքը արդեն անօրեն է»։

***

ՀՀ քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը կատարվելուց հետո Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում, առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված անձ Ս․ Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։
Նշված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ս․ Վարդանյանը ճանաչվել է տուժող։
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման մեջ նշված տեղեկությունները վարույթի շրջանակներում ստուգելու և իրավական գնահատականներ տալու նպատակով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին