2 ամիս առաջ մեկնարկել է Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը, որը, իրապես, հեղափոխական է լինելու Հայաստանի տնտեսության համար, այս ծրագիրը հույս է ներշնչել ժողովրդին, որ նրանք կարող են ապրել բարեկեցիկ կյանքով, Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր ներկայացնելու են ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագիրը:
«Ինչպես այս սրահի նախամուտքում, այնպես էլ բեմի վրա կարող եք տեսնել նկարներ, որոնք ցույց են տալիս մեր անվտանգային համակարգի թշվառ վիճակը: Մենք այս նկարներում տեսնում ենք ավերում և կառուցում: Ավերված տունը Ստեփանակերտում գտնվող իմ մորաքրոջ բնակարանն է: Այսօր այդ տունը չկա, հողին է հավասարացվել, որովհետև ՀՀ-ում թույլ և ՀՀ ազգային շահերը չսպասարկող իշխանություններ են»,- ներկայացրեց նա:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը հայտարարեց, որ ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն: Հովսեփյանը շեշտեց, որ անվտանգությունը սկսվում է սահմանների անխոցելիությունից: Նրա խոսքով՝ մեր սահմանները պետք է լինեն ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության ներդրման միջոցով: Արեգա Հովսեփյանն ընդգծեց, որ ՀՀ սահմանի յուրաքանչյուրը մետրը պաշտպանված է լինելու:
Դիտեք նաև՝
«Խելացի սահմաններ», հետախուզություն, հարվածային համակարգեր. Սամվել Կարապետյանի կուսակցությունը ներկայացրել է իր անվտանգության ծրագրի շնորհանդեսը։
«Ուժեղ Հայաստանի» ծրագրի հիմնական բաղադրիչները
«Խելացի սահման» համակարգի ներդրում. արհեստական բանականությամբ աշխատող սենսորային ցանցեր, ինչպես նաև ինքնավար հարվածային համակարգեր` ամբողջ սահմանի երկայնքով։
Ռազմական հետախուզության և կանխատեսման համակարգի ստեղծում՝ ճիշտ ժամանակին սպառնալիքները հայտնաբերելու համար։ Միասնական հրամանատարական և վերահսկողական համակարգի ներդրում, ներառյալ օդային և տեղեկատվական բաղադրիչները։
Բարձր ինքնաբավության ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծում, որը կնվազեցնի Հայաստանի կախվածությունը այլ երկրներից ճգնաժամային իրավիճակներում։
Բազմաշերտ ՀՕՊ համակարգի մշակում՝ անօդաչու թռչող սարքերի, էլեկտրոնային պատերազմի համակարգերի և այլնի լայն կիրառմամբ։
Բարձրակարգ և պրոֆեսիոնալ սահմանապահների պատրաստում, որոնք կարող են լուծել խնդիրներ ամենաբարդ իրավիճակներում։


