|
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման շուրջ քննարկումները չեն դադարում, փորձագետներն ու վերլուծաբանները հանդիպումը գնահատում են աննախադեպ, անգամ՝ սենսացիոն, երբ դիվանագիտական ձևակերպումները դրվեցին մի կողմ, և բաց տեքստով անցան փոխադարձ մեղադրանքների ու շանտաժի լեզվին։ Եթե Վլադիմիր Պուտինը 2021 թվականի ընտրություններից հինգ պակաս Փաշինյանի հետ հանդիպմանը փորձում էր «մաքրել» վերջինին դավաճանի պիտակից՝ թերևս հույս ունենալով, որ Փաշինյանը վերարտադրությունից հետո կանխատեսելի գործընկեր կլինի իր համար Հարավային Կովկասում, ապա նախօրեի հանդիպումից պարզ դարձավ, որ Մոսկվան այլև չի վստահում Փաշինյանի «արցունքներին» և աշխարհաքաղաքական լարախաղացությանը՝ Հյուսիսի և Արևմուտքի միջև, ու հստակ ընտրության առաջ է դնում ՀՀ ղեկավարին։ Փաշինյանն արձագանքեց, թե ինքը գիտի, որ երկու միություններին միաժամանակ անդամակցել հնարավոր չէ. «Երբ հնարավոր չլինի, ու պետք լինի որոշում կայացնել, ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները որոշում կընդունեն»: Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցմանը, Փաշինյանն ասաց, որ սա, բացի ռուսաստանցի գործընկերներից, այլ երկրների հետ էլ են քննարկում` «փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը»։ Հաջորդ հարցը, որը հայ-ռուսական հարաբերությունների լարվածության պատճառն էր դեռ 2022-ից, ՀԱՊԿ-ն է: Պուտինն ասաց՝ տեղյակ է, որ հայկական կողմը դժգոհություններ ունի ՀԱՊԿ-ի մասով: «Բայց ես կարծում եմ՝ ակնհայտ է, որ Պրահայում 2022 թվականին, երբ Դուք ճանաչեցիք Ղարաբաղն Ադրբեջանի մաս, արդեն ներադրբեջանական դարձած այս հարցին ՀԱՊԿ-ի միջամտությունը բոլորովին ճիշտ չէր լինի»: Փաշինյանը, իր սովորության համաձայն, մեղադրեց Ռուսաստանին, թե Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ինքը ճանաչել է «այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունն այդ մասին հրապարակավ խոսեց»: Այսինքն, ՀԱՊԿ-ին անդամությունը սառեցնելու համարձակություն ունի, բայց Արցախի հարցում առաջնորդվել է Պուտինի և Ռուսաստանի խոսքով: Բայց առավել ուշագրավը զրույցի ներքաղաքական դրվագն էր․ ՌԴ ղեկավարը կշտամբեց Փաշինյանին, թե Հայաստանում ռուսական անձնագրով անձը քաղաքականությամբ զբաղվելու փորձի համար գտնվում է անազատության մեջ։ «Դա ձեր որոշումն է, մենք չենք խառնվում: Բայց կուզեինք, որ նրանք կարողանային մասնակցել այդ ներքաղաքական աշխատանքին»,- հավելելով, որ Մոսկվան մշտապես առաջնորդվելու է հայ ժողովրդի շահերով: «Ռուսաստանում շատ հայեր են ապրում: Մենք համարում ենք ավելի քան 2 միլիոն մարդ: Եվ Հայաստանում շատ քաղաքական ուժեր կան, որ ռուսամետ են: Մենք շատ կուզեինք, որ այդ բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները ընտրությունների ընթացքում կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքին»։ Փաշինյանը երեկ արդեն ծիծաղ առաջացնող պատասխան տվեց, թե Հայաստանը դեմոկրատական երկիր է, ու ակնարկեց, որ մեզանում սոցցանցերից օգտվելն ազատ է` ոչ մի սահմանափակում չկա, եւ շատերը նույնիսկ կարծում են, թե դա չափից շատ է: Մարդն արդեն գերտերության հետ է ոտք գցում եւ ակնարկում, թե` ձեր համեմատ մենք շատ դեմոկրատական ենք: «Եվ ընդհանուր համատեքստում, անկեղծ ասած, մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան»,- մոռանալով, որ իր գրառումների արդյունքում են կալանավորել Սամվել Կարապետյանին, սրբազաններին: Նաև շեշտեց, որ մեր օրենսդրությամբ ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն մարդիկ, ովքեր բացառապես հայկական անձնագիր ունեն: Իսկ ռուսական անձնագիր ունեցողները չեն կարող ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ վարչապետի թեկնածու լինել»: |
Սա կարող է լինել Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումը
info@asekose.am/095519696
Tweet
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


