▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա էլ Ռիժկովի «մտահոգությունն է»

Սա էլ Ռիժկովի ՛՛մտահոգությունն է՛՛,- «Ցավոք սրտի, ողբերգությունների վրա ոմանք քաղաքականություն են իրականացնում: Ցավալի է, բայց այստեղ ոչինչ անել հնարավոր չէ: Կարծում եմ՝ դժվար է պատկերացնել, որ չէր գտնվի որևէ մեկը, ով կօգտագործեր այս փաստը հայ ժողովրդի հետ մեր փոխհարաբերությունների կտրվածքով: Ես հասկանում եմ, որ հայ ժողովրդի զգալի հատվածը մարդիկ են, ովքեր մեր ընկերներն են, բարեկամները: Բայց կան մարդիկ, ովքեր այնքան էլ հակված չեն, որպեսզի մենք բարեկամություն ունենանք, նրանք բացարձակապես այլ տեսակետներ ու նպատակներ ունեն, ուստի նրանք կփորձեն ամեն կերպ օգտագործել այս ողբերգությունը, որպեսզի մեր բարիդրացիական հարաբերությունները տուժեն»,- ասել է նա։ Չափազանց կոպիտ է, որ ռուսաստաններում պաշտոնատարները բոլորը անպայման մի ճեղք գտնում են՝ հայերին մեղադրելու ՛՛այլ տեսակետների ու նպատակների մեջ՛՛ այն դեպքում, երբ հայերն ուղղակի ոճրագործության նկատմամբ սեփական իրավունքն են ուզում իրացնել: Պարզվում է, այդպիսի ցանկությունն արդեն ՛՛այլ նպատակներ են՛՛: Ռուսաստանում ՛՛անաչառ դատավարության՛՛ հեքիաթները չեն զուգահեռվում հայաստանյան ՛՛անաչառ դատավարության՛՛ հեքիաթներին: Իրական բարեկամությունը պահանջում է վստահել բացառապես ռուսական անաչառության հեքիաթին,-ասում են նրանք,- հենց հայկականը մեջ է ընկնում՝ հրապարակ են գալիս «մարդիկ, ովքեր այնքան էլ հակված չեն, որպեսզի մենք բարեկամություն ունենանք...ուստի նրանք կփորձեն ամեն կերպ օգտագործել այս ողբերգությունը, որպեսզի մեր բարիդրացիական հարաբերությունները տուժեն»: Պարոնայք ռուսաստանցիներ, հիմա մեզնից ո՞վ է ուզում «ամեն կերպ օգտագործել այս ողբերգությունը», դու՞ք, որ ոչ մի գնով չեք ուզում թույլ տալ Հայաստանում Հայաստանի քաղաքացիների նկատմամաբ իրականացված ոճրագործությունը Հայաստանում քննվի, թե՞ հայաստանցիները: Ինչի՞ց եք այդքան վախեցած, վերջ ի վերջո: Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ունեցած իշխանության նվազումի՞ց: Ռիժկովն, իհարկե, այո: Բաքվի ջարդերի մասին նա իր հուզումնառատ հիշողությունները գրելիս ոչ մի անգամ դրանք ՛՛ողբերգություն՛՛ չանվանեց, բայց հենց որ հայերը Բաքվից ՛՛մաքրվեցին՛՛, ըստ Ռիժկովի, ՛՛տեղի ունեցավ սարսափելի ողբերգություն՛՛,-թուրքական ազգային ճակատը շրջապատեց խորհրդային իշխանության շենքերը և իշխանափոխություն պահանջեց: Ահա ողբերգության ռիժկովյան ընկալումը: Չի նվազի ձեր իշխանությունը Հայաստանի վրա, պարոնայք ռուսաստանցիներ, եթե նույնիսկ ՛՛հայկական արդարադատությունը՛՛ դատի հանցագործին: Նույնիսկ այն դեպքում չի նվազի, երբ այդ դատարանը, ո՞վ գիտի, հասարակական ճնշման տակ, հասնի հանցագործության շարժառիթներին: Թե՞ վախենում եք, որ Հայաստանի քաղաքացիները հանկարծ ու համոզվեն, որ իրենք էլ արժանապատվություն ունեն: Ահռելի Ռուսաստանն այդքան վախեցա՞ծ է Հայաստանի արժանապատիվ հասարակությունից: Իսկ Ռուսաստանի արժանապատիվ քաղաքացիների՞ց: Չէ որ դեռ նրանց հետ էլ բախում ունեք: Մի՞թե ռուսական քաղաքական այրերն այնքան խղջուկ են, որ չեն կարողանում հանդուրժել իրենց կամքին նույնիսկ փոքրիկ դիմադրությունը: Հապա ինչպե՞ս ՛՛բարեկամություն կառուցենք՛՛ այս անսքող արհամարանքի հետ:

 

Հրանուշ Խառատյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին