▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փետրվարը բարով բացվի

ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում հանդես է եկել հայտարարությամբ.

2015 թվականը հայ ժողովուրդը դիմավորեց իր հանդեպ իրականացված եղեռնագործության փաստով: Գյումրիում տեղի ունեցածը՝ քնած ընտանիքի երեք սերունդների դաժան սպանությունը, ևս մեկ անգամ ակնհայտ դարձրեց, որ մեր ազգային պետականությունը դեռևս կայացման փուլում է: Մենք, ըստ էության, որպես պետական ազգային շահ սպասարկող, հայ ժողովրդի անվտանգությունը պաշտպանող գործող պետական համակարգ, բացի ազգային բանակից, չունենք այլ միավոր: Գյումրին ի ցույց դրեց, որ մեր պետության մեջ չի գործում ազգային իշխանությունը, բացակայում են գործադիր, օրենսդիր և դատական կառույցները:

«Եթէ հայ մայրերը չզոհաբերեն իրենց զավակները, կորսված է բոլորիս թէ կեանքը և թէ պատիվը, գիտակցելով պահի կարեվորությունը միշտ և այսօր հայ մարդը զգում է իր կոչման բարձրությունը և կատարմ է իր սուրբ պարտականությանը»:

Ժողովուրդը գիտակցում է իր սուրբ պարտականությունը՝ պահանջելով հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը և իրավունքները՝ մեղադրյալներին անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին և նրանց նկատմամբ, հանուն Հայաստաի Հանրապետության և հայ ժողովրդի՝ կայացնել դատավճիռ:

Արցախի Հանրապետությունում սույն թվականի հունվարի 31-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով խախտվել են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որի համար Արցախի Հանրապետության իշխանությունները կրում են պատասխանատվություն: Անկախ այն հայտարարություններից, որոնք հնչեցին Արցախի իշխանությունների կողմից, և որոնք բավարար գնահատական չեն տալիս տեղի ունեցածին և չեն վերացնում ապօրինության հիմքերն ու հետևանքները, միևնույն է՝ հայ ժողովուրդը միակամ է և հետամուտ ազգային միասնական պետականություն ունենալու իր գաղափարին:

Տեղին եմ համարում խոսքս ավարտել Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ուղերձով՝

«Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ: Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզանից սկսելու նախապայմանով: Հարգանքով հանդերձ՝ եւ ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի եւ հայոց զինվորի: Ապաեւ՝ նախապատրաստական համալիր փոփոխություններից հետո՝ արժե ազգովի ընտրել միացյալ Հայաստանի առաջին նախագահին: Բոլորովին նոր մեկը՝ ժողովրդին եւ պետությանն ամբողջանվեր ծառայելու ունակ: Փետրվարը բարով բացվի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին