ՓԱՇԱԶԱԴԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԲԱՔՎԻ ԻՐԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ․ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի վերջին հայտարարությունները, հնչեցված «Արևմտյան Ադրբեջան» անվանումը կրող բացահայտ զավթողական նախաձեռնության շրջանակում, հերթական անգամ ապացուցում են, որ Բաքվում շարունակվում է պետականորեն համակարգված և գաղափարականորեն ձևակերպված տարածքային հավակնությունների քաղաքականությունը։
Սա այլևս պարզապես քարոզչություն չէ․ սա ծրագրային հայտարարություն է, որի հիմքում ընկած է Հայաստանի Հանրապետության նկատմամբ շարունակական ճնշման և նոր պահանջների նախապատրաստումը։
Փաշազադեի խոսքում հնչած ձևակերպումները՝ «Ղարաբաղի, Զանգեզուրի և Արևմտյան Ադրբեջանի հողերի վերադարձի» վերաբերյալ, ոչ միայն խեղաթյուրում են պատմական ու իրավական իրականությունը, այլև բացահայտորեն կասկածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Մշակութային-հոգևոր ինքնիշխանության վերականգնման» մասին խոսույթը, իրականում, քաղաքական լեզվով քողարկված ռևիզիոնիզմ է, որի նպատակն է հիմնավորել ապագա հավակնությունները։
Այս հայտարարությունները հնչում են այն բանից հետո, երբ Արցախի հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման, իսկ հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը շարունակում է համակարգված ոչնչացվել կամ յուրացվել։ Այդ ֆոնին խաղաղության մասին խոսելը, միաժամանակ շրջանառելով նոր տարածքային պահանջներ, միջազգային հանրությանն ուղղված երկակի ուղերձ է․ արտաքին աշխարհին ներկայացվում է «խաղաղասիրություն», իսկ ներսում ձևավորվում է նոր պահանջատիրության գաղափարախոսություն։
Հատկանշական է նաև, որ Ադրբեջանում պետականորեն խրախուսվում են նման հայտարարությունները, ներառյալ՝ հոգևոր առաջնորդների կողմից, մինչդեռ Հայաստանում քաղաքական կարծիք արտահայտող հոգևորականները ենթարկվում են ճնշումների և հետապնդումների։ Այդ թվում՝ հենց Փաշազադեի կողմից հնչեցվող «քննադատությունները», ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սփյուռքի հասցեին, օրինաչափորեն նախորդում են Երևանյան ռեժիմի համար բռնաճնշումների նոր ալիքներին։
Այս հակադրությունը բացահայտում է ոչ միայն Բաքվի ռազմավարությունը, այլև այն վտանգավոր միտումը, որով ՀՀ գործող կոլաբորացիոն իշխանությունները փաստացի թուլացնում են ազգային դիմադրողականությունը՝ հալածելով սեփական հոգևոր և ազգային ինստիտուտները։ Փաշազադեի այս հայտարարությունը նաև հստակեցնում է, թե ինչի է հանգեցնում ՀՀ իշխանությունների վարած միակողմանի զիջումների քաղաքականությունը․ այն ոչ թե մեղմացնում է ագրեսիվ հռետորաբանությունը, այլ, հակառակը, խրախուսում է նոր պահանջներ։
Առանձնակի մտահոգիչ է, որ այս արշավը տեղի է ունենում ԱՄՆ-ի և եվրոպական կառույցների փաստացի լռության պայմաններում։ Այդ լռությունը զավեշտալի կլիներ, եթե չլիներ վտանգավոր։ Տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր չէ կառուցել այն պայմաններում, երբ ագրեսիվ և ռևիզիոնիստական հռետորաբանությունը չի ստանում հստակ քաղաքական գնահատական։
Մենք գիտակցում ենք միջազգային ներգրավվածության կարևորությունը և հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող մեկուսացված գոյատևել այս բարդ աշխարհաքաղաքական միջավայրում։ Սակայն խաղաղությունը չի կարող կառուցվել ազգային արժանապատվության, պատմական հիշողության և պետական ինքնիշխանության հաշվին։ Խաղաղությունը չի կարող հիմնված լինել վախի կամ միակողմանի զիջումների վրա։
Այն պահանջում է հստակ սահմաններ, փոխադարձ պատասխանատվություն և ուժի սպառնալիքից հրաժարում։
Հակառակ Ադրբեջանի կողմից ձևավորվող կեղծ «ձեռքբերումների» և արտաքին աջակցությամբ սնվող ինքնավստահ հռետորաբանության՝ մենք համոզված ենք, որ հայկական պետականությունն ու ազգային կամքը ունեն բավարար ներուժ՝ այս իրավիճակը փոխելու համար։
Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հայ ժողովուրդը կարողանում է վերականգնել իր իրավունքներն ու արժանապատվությունը նույնիսկ ամենածանր պայմաններում։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
25 փետրվարի, 2026թ, Երևան
Դիտեք նաև՝


