▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրհնվեցին Տավուշ աշխարհի 4 ծագերը. Նոր Վարագավանքի 10-րդ ուխտագնացությունը

Այսօր՝ արդեն 10-րդ անգամ, Վարագա սուրբ խաչի տոնին  ՀՀ Տավուշի մարզի Բերդի  տարածաշրջանի հավատավոր ժողովուրդը  ուխտագնացություն կատարեց դեպի ամենագողտրիկ ու տավուշցիների կողմից ամենասիրված սրբավայրերից մեկը՝ Նոր Վարագավանք՝ իր  ուխտը հասցնելու Աստծուն: 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի  և «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի ջանքերով կազմակերպված ուխտագնացությունն արդեն գեղեցիկ ավանդույթի է վերածվել: Այսօր 10-րդ հոբելյանկականն էր: Յուրաքանչյուր տարի տավուշցիներն առանձնահատուկ սիրով են սպասում  այս տոնին, որը քրիստոնեական խորհրդից զատ՝  նաև այս օրը բոլոր վայրերից տավուշցիներին ծննդավայրում համախմբելու զորություն ունի: 
 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից այսօր մեծ հանդիսությամբ Նոր Վարագավանք տեղափոխվեց Քրիստոսի խաչափայտի մասունքը: Իսկ պատարագից հետո  անդաստանի կարգ կատարվեց և Խաչափայտի մասունքով օրհնվեցին  պատմական Տավուշ աշխարհի 4 ծագերը: Տոնի խորհուրդը՝ Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի մեկնաբանությամբ.

«Բարեբախտություն և օրհնաբեր օր է մեր տարածաշրջանի համար: Մի փոքրիկ դրվագ հայոց պատմությունից. ասում են՝  614 թվականին,  երբ պարսից Խոսրով թագավորը գերեվարեց Տիրոջ խաչափայտի մասունքն ու տարավ Պարսկաստան,  նույնիսկ պարսիկներն ասում էին, թե քրիստոնյաների աստվածն է եկել: Եվ ամենքն էլ երկյուղածությամբ էին վերաբերվում: Առավել ևս քրիստոնյաներիս համար օրհնաբեր օր է, որ քրիստոնյաների աստվածը՝  խաչափայտի մասունքը, որի վրա  կենարար արյուն է թափվել, այսօր մեզ հետ է: Սա պատահական չէ, որովհետև ուղիղ 400 տարի այս ժողովուրդը կարողացել է պահպանել: Պատահական չէ նաև , որ Աստված մասունքն այս վանքի պահպանությանն է վերապահել և ուղիղ 400 տարի մնացել է այստեղ: Արդեն 10-րդ տարին է՝ մասունքը տեղափոխվում է այստեղ: Ինչն է կարևոր մեզ համար: 10 տարի այստեղ մենք համախմվել ենք՝ նույն հավատքով, նույն գաղափարի շուրջ,  նույն երկյուղածությամբ աղոթք բարձրացրել առ Աստված՝ մեր ժողովրդի, մեր հայրենիքի համար»:

Խորհրդային կարգերի փլուզումից հետո Բերդի տարածաշրջանում երկար տասնամյակակներ գործող եկեղեցի չի եղել և այդ դադարից հետո նման միջոցառումները կարևորվում են նաև հոգևոր վերազարթոնքի առումով.

«Այսօր հոգևոր վերազարթոնքի առումով  բուռն գործընթացներ են իրականանում՝ եկեղեցիներ են վերանորոգվում, նոր եկեղեցի է կառուցվում Բերդում: Այսպիսի տոնակատարությունները շատ մեծ խորհուրդ ունեն այն առումով,  որ համախմբում են ժողովրդին եկեղեցեու և հոգևորի շուրջ: Այսօր  համախմբվելով՝ հասկանում ենք, որ բոլորս մեկ մարմնից ենք, մեկ արմատից: Այս միասնությունը մեծ նշանակություն ունի սահմանապահ մեր ժողովրդի համար, որ ամենօրյա պայքարի մեջ է հանուն հայրենիքի, հանուն այն բանի, որ այս գողտրիկ անկյունը միշտ կենդանի լինի»,- ասում է  «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ Հայկ Չոբանյանը:

Օրը խորհրդանշական է  մի քանի առումներով: Ուխտագնացության օրը դեպի Վարագավանք են շտապում  տարածաշրջանի ծագում ունեցող մարդիկ:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ԶՈւ 4-րդ զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ով սիրով զրուցեց ASEKOSE.am-ի թղթակցի հետ.

«Վերջին անգամ եղել եմ այստեղ պատերազմի տարիներին՝ 21 տարի առաջ: Պատերազմից հետո չեմ կարողացել գալ: Ինչ կարող եմ ասել, չափազանց ուրախ եմ: Մենք այսօր քաղում ենք այն պտուղները, որը ձեռք ենք բերել մեր զոհված ու կենդանի հերոս ընկերների արյան գնով: Այսօրվա խաղաղությունը մեր թափած քրտինքի և մեր չարչարանքի արդյունքն է: Մենք ունենք ազգային արժեքների այնպիսի համակարգ, առանց որոնց գոյատևել չենք կարող: Առաջինը մեր ազգասիրությունն է, ապա, հայրենապաշտությունը , պետականամետությունն ու քրիստոնեական արժեքները, ինչի շուրջ էլ այսօր բոլորս համախմբվել ենք»:  

ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է նաև ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ.

«Ինձ համար տոնը մեծ նշանակություն ունի՝ մի քանի առումով: Առաջինը,  երբ տոնը սկսել ենք նշել, ես անմիջապես արմատներում կանգնած եմ եղել՝ որպես հայրենակցական միության նախագահ: Երջանիկ եմ, որ մենք այն ժամանակ այս  ավանդույթի հիմքը դրեցինք  և 10 տարի անընդհատ այստեղ համախմբվել ենք: Հաջորդ տարի առավել մեծ շուքով ենք նշելու, քանի որ վերանորոգումն ավարտված կլինի:  Ես վստահ եմ, որ Վարագավանքը  դառնալու է ոչ միայն շամշադինցիների, այլև բոլոր հայերի սիրված վայրերից մեկը: Վստահ եմ՝ նաև արտասահմանից կգան և կտեսնեն, թե այս լեռան լանջին՝ անտառների մեջ , դեռևս հին ժամանակներում ինչպես են եկեղեցի կառուցել:  Տոնի խորհուրդը շատ խորն է, և պետք է ասեմ, որ մեր Շամշադինը մի տեսակ կրոնական, հոգևոր կյանքից հեռու է եղել տարիներ շարունակ, սակայն, կարծեք թե վերջին տարիների ընթացքում այս ուխտագնացությունը  սեր արթնացրեց  դեպի եկեղեցին, մեր հավատքը»:

Հոգևոր ավանդույթների վերականգնման  ու հոգևոր վերազարթոնքի գործում, անշուշտ, մեծ է  Բերդի եկեղեցասեր երիտասարդաց միության դերը. Երիտասարդները սիրով կիսվեցին իրենց տպավորություններով.

Սիրանուշ Մելիքյան.

«Խոսքս ուզում եմ սկսել Նժդեհի խոսքով.... «Սուտ բան չէր լինի քրիստոնեությունը. չէ որ հայերն առաջինը նետվեցին նրա գիրկը»: Ասվածն  ավելի նոր իմաստավորում է ստանում մի շրջանում, որտեղ տարիներ շարունակ գործող եկեղեցի չի եղել և մեծ մասամբ հեռու են եղել հոգևոր կյանիքց: Այժմ տեսեք ինչ է կատարվում. տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը: Մեծ ոգևորությամբ այսօր 200 կմ ճանապարհ եմ  կտրել, հասել եմ այստեղ՝ մի քանի ժամով: Տոնը համախմբող նշանակություն ունի: Բոլորս մեզ առյուծ ենք զգում մայր հողի վրա: Առաջին իսկ վայրկյաններից շունչդ կտրվում է. քանի որ լինել հողի  մի մասնիկը, սնվել նրա կենարար էնէրգիայով  և օժտված չլինել նրա արժեքներով, անհնար է: Փառք հոգով տավուշեցիներին»:

Մարիետա Մանուչարյան

«Այսօր 10-րդ հոբելյանական ուխտագնացությունն է: Ամեն տարի էլ ավելի մեծ խանդավառությամբ են մարդիկ մասնակցում: Ամենասիրելի տոներից մեկն է դարձել, իսկ  խանդավառությունը տեսանելի է...: Այսպես ավանդույթ է  ձևավորվում:  Չափազանց մեծ է ուրախությունս: Ես հենց Վարագավանից եմ, արդեն 10 –րդ տարին է՝ բոլորս սիրով մասնակցում ենք ուխտագնացությանը: Կարևորում եմ հատկապես երիտասարդների մասնակցությունը, քանի որ ավանդույթը պահպանողներն ու փոխանցողները հենց երիտասարդներն են»:

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին