Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ, մասնավորապես, ասել է հետևյալը․ «ՀՀ-ն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել ու չի դավաճանել դաշնակիցներին, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիությունները ի ցույց դնելու ու հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել։ Կոչ ենք անում ու հորդորում մեր գործընկերներին՝ հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը, ու մեր վճռական կամքն ենք արտահայտում՝ ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, արտաքին ու ներքին անվտանգությունը։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակցություն հայտնել ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը։ Ձեռնարկելու ենք բոլոր միջոցները՝ մեր անկախությունը պաշտպանելու համար։ Անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել ՀՀ արտաքին ու ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ»։ Նա նշել է, որ ՀԱՊԿ ու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն ՀՀ արտաքին անվտանգությունն ապահովելու համար և որ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի դեմ, դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից։ Թարմացված․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ասել է, որ ՀՀ-ն պետք է լինի խաղաղ, զարգացած, երջանիկ, ազատ պետություն, բայց այդ ճանապարհին անհրաժեշտ է վերահաստատել ազատ ու ինքնիշխան պետություն լինելու մեր կամքը և որ մենք գնում ենք այդ ճանապարհով։ «Ես ՀՀ վարչապետն եմ, հետևաբար առաջնորդում են անկախության պաշտպանության շարժումը։ Եթե չլինեի վարչապետ, որպես քաղաքացի կգնայի ՀՀ անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող ՀՀ վարչապետի հետևից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է։ ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց ու այդ մեկ մարդը ես եմ, ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց ու այդ մեկ մարդը դու ես։ ՀՀ քաղաքացին չի կորցրել ու չի կորցնի հպարտությունն ու հաստատակամությունը, ՀՀ քաղաքացին կհաղթի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, ազատության համար մղվող պայքարում»,- ասել է նա։ |