▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախօրեին գյուղերը կրկին կրակահերթի տակ են եղել. Մովսեսում գնդակը հայտնվել է տներից մեկում

Նախօրեին մի քանի ժամ շարունակ՝ ժամը 19:00-ից 23:00-ն,  ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, կրակահերթի տակ է պահել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Եվ միայն հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում՝ թշնամին լռել է:

Բարեբախտաբար,  զոհեր և վիրավորներ չկան, սակայն կան բազմաթիվ նյութական վնասներ: Մասնավորապես գազի խողովակներ են վնասվել, տների տանիքներ, լուսամուտներ:

«Շուրջ երեք ժամ կրակել են: Մովսեսում գազատարը չի վնասվել, սակայն տների տանիքներ  ու լուսամուտներ են վնասվել: Տներից մեկի լուսամուտը ջարդվել է և ДШК-ի գնդակը հայտնվել է այնտեղ»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում  նշեց Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ գնում է Այգեպար՝ մասնակցելու ԵԱՀԿ դիտարկմանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Չինարի գյուղում ևս գնդակը հայտնվել էր տներից մեկում, որտեղ հղի կին էր եղել՝ երեխաների հետ:

Մեր տեղեկություններով՝  Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը ևս բազմաթիվ նյութական վնասներ են կրել:

Գիշերը խաղաղ է անցել, այս պահին ևս խաղաղ է:

Հավելենք, որ այսօր նախատեսվում է ԵԱՀԿ հերթական  դիտարկումը, որը կանցկացվի Այգեպար (Հայաստանի Տավուշի մարզ) ու Ալիբեյլի (Ադրբեջանի Թովուզի շրջան) գյուղերի ուղղությամբ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին