▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միգրանտները հնարավոր է` 10 տարով զրկվեն ՌԴ մուտք գործելուց. «Ժողովուրդ»

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս կասկած չի հարուցում, եւ առաջիկայում Հայաստանը կդառնա այդ կառույցի լիիրավ անդամ: Վերջին շրջանում ՀՀ ՏԿՆ միգրացիայի ծառայության պետ Գագիկ Եգանյանը բոլոր լրատվամիջոցներով հայտարարում էր, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո որոշ չափով կթեթեւանան նաեւ հայ միգրանտների պարտականությունները՝ բնակության գրանցման, աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերում, փաստաթղթերի ձեւակերպման համար նախատեսված վճարումներից կազատվեն: Սա մեծ հույսեր արթնացրեց մեր երկրի սոցիալապես անապահով հատվածի շրջանում: Սակայն մոտ օրերս ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որով 10 տարով արգելվում է խախտումներ ունեցող ներգաղթյալների մուտքը Ռուսաստան:

 

Պաշտոնական տվյալներով՝ ամեն տարի Հայաստանից արտագնա աշխատանքի է մեկնում շուրջ 250 հազար մարդ: Սա բավական մեծ թիվ է, եւ ստացվում է, որ այսքան ընտանիք ապրում է արտագնա աշխատանքի արդյունքում ստացված միջոցների հաշվին: Բոլորիս է հայտնի, որ տեւական ժամանակ է, ինչ ՀՀ հազարավոր քաղաքացի որոշ խախտումներ կատարելու պատճառով ՌԴ-ից արտաքսվում են: Նրանց արգելվում է 3-5 տարի մուտք գործել ՌԴ-ի տարածք:  Ավելին՝ սա բավականին տմարդի ձեւով է արվում, քանի որ շատ հաճախ քաղաքացին տեղյակ չի լինում եւ այստեղից տոմսեր գնելով՝ հասնում է ՌԴ եւ տեղի օդանավակայանում պարզում, որ ինքը եւս արտաքսյալների ցուցակում է:

Ավելին՝ որոշակի պարզաբանում չի տրվում, թե հատկապես ինչի համար է մարդը ՌԴ-ից արտաքսվել: Խոսքն այն միգրանտների մասին է, որոնք ՌԴ-ում նախկին կացության ժամանակ մեկ տարուց ավել են եղել եւ նշված ժամկետը սպառվելուն պես չեն մեկնել երկրից կամ չեն երկարացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Տեղեկացնենք, որ գործող օրենքով 3 տարով արգելվում է այն օտարերկրացիների մուտքը, որոնք իրենց նախորդ կացության ժամանակ երկրում եղել են 90 օրից ավել եւ չեն լքել Ռուսաստանի սահմանները 30 օրվա ընթացքում, ժամանակավոր կացության ժամկետը սպառվելուց հետո:

Սակայն հայ միգրանտների մոտ հիմա էլ առաջ է եկել մեկ այլ, նոր խնդիր: Եթե նախկինում արգելք ունեցողները կարող են 3-5 տարի մուտք չգործել ՌԴ, ապա հիմա այն դարձել է 10 տարի: Քանի որ ՌԴ Պետդուման օրինագիծ է ընդունել, ըստ որի՝ 10 տարով արգելվում է խախտումներ ունեցող ներգաղթյալների մուտքը Ռուսաստան:

Իսկ մեր հայրենակիցներին մնում է օրենքի տառի ամբողջությամբ հարգել ՌԴ-ում գործող ե՛ւ կեցության, ե՛ւ աշխատանքի տեղավորման հետ կապված օրենքները: Հակառակ դեպքում փոքրիկ խախտումներն էլ կարող են պատճառ դառնալ, որպեսզի մարդիկ 10 տարով արտաքսվեն ՌԴ-ից:

Հեղինակ` ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին