▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վա՜յ, էս ի՞նչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան ա․․․Փաշինյանը՝ Տավուշում

Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վա՜յ, էս ի՞նչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան ա․․․Փաշինյանը՝ Տավուշում

Արդեն հաջորդ շաբաթվանից համայնքների ներկայացուցիչները ներգրավված կլինեն աշխատանքային խմբում, որը զբաղվելու է սահմանազատման աշխատանքներով: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Կիրանց համայնքում գյուղացիների հետ հանդիպմանը։

«Վարչական շրջանների ղեկավարները ներգրավված են սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովներում` իրենց փաստարկներով և ժողովրդին էլ տեղեկություն կտան, թե ինչ է տեղի ունենում: Հիմա ավելի շատ լարվածությունը Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված, որ մենք անվտանգությունն ապահովենք: Այդտեղ մենք դպրոց ենք կառուցում և պետք է մեր երեխաների անվտանգությունը լիարժեք ապահովենք»,–ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով, գործընթացն ինչքան էլ դժվար է, բայց ինքը դրական է տրամադրված, որովհետև սահման է գծվում երկրի ամբողջ տարածքով։

«Սահմանը խաղաղության որոշակի երաշխիք է։ Բոլորս միշտ պետք է հիշենք, որ կարա ինչ-որ բան նենց չգնա, իսկ որ ամեն ինչ նենց գնա, ոնց մենք պլանավորել ենք, մենք պետք է իրար հետ երկխոսության մեջ լինենք»,- ասաց Փաշինյանը։

***

Արմավիրի մարզի Մարգարա գյուղում տներից 50 մետր այն կողմ Թուրքիան է եւ թուրքական զորքն է. մեր նպատակն այդպիսի իրավիճակ ստանալն է: Այս մասին նախօրեին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր խնդրանքն ու ակնկալիքն այն է, որ այս իրավիճակում իրար հետ լինենք, քայլ-քայլ ամեն ինչ հասկանալով առաջ գնանք: Ես չեմ կարող ասել, որ ձեր հոռետեսություն անհիմն է, այսօրվա վիճակը որեւէ լավատեսության հիմք չի տալիս: Մենք պետք է առաջ գնանք լավատեսություն կառուցելու համար»,-ասաց նա:

Փաշինյանը համաձայնեց գյուղացիներից մեկի պնդմանը, որ թուրքին վստահել չի կարելի. «Ճիշտ ես, բա դրա համար ենք մենք այս ամենը ուզում անենք: Ուզում ենք թուղթ ստեղծենք, որն արդեն կդառնա փոխադարձ պարտավորություն: Եթե սա չանենք, 100 տոկոսով կարող եմ ասել, որ անվտանգությունը չենք կարողանալու ապահովել: Քանի գնում է պրոցեսը, իմ լավատեսությունը շատանում է: Եթե այս ճանապարհով չգնանք, տեղ չենք հասնելու, իսկ այսպես մենք ունենք շատ մեծ շանս, ու ինչքան վստահ ենք գնում, շանսը մեծանում է, որ տեղ կհասնենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Նշենք, որ Փաշինյանն այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է գնում Ոսկեպար։ Նախորդ հանդիպումը ոսկեպարցիների հետ  հարթ չի անցել։ Հանդիպման թեման եղել է Տավուշի 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելը, ինչին ոսկեպարցիները դեմ են արտահայտվել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն, հակառակ դեպքում պատերազմ է սկսվելու։

Այսօրվա հանդիպումից, սակայն, ոսկեպարցիները այդքան էլ դժգոհ չեն մնացել։

***

Ադրբեջանագետ Տաթևի Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը երեկ Տավուշ կատարած այցի ժամանակ կրկին մտել էր սրտացավի, հոգատարի, անկախության ու անվտանգության պաշտպանի կեղծ դերի մեջ, իսկ իրականում եղել ու շարունակում է մնալ խրոնիկ ստախոս։
Անցնենք մի քանի դրվագներով։ Փաշինյանը նշում է, որ հերթական միակողմանի զիջումը 100 անգամ կբարձրացնի այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը։ Հիշեցնեմ, որ նույն Փաշինյանը 2022 թվականի ապրիլին, երբ Արցախի հարցում նշաձող էր իջեցնում, աննախադեպ միջազգային կոնսոլիդացիա էիր խոստանում, դա ավարտվեց 10 ամսյա դաժան բլոկադայով, 2023 թվականի հարձակմամբ, հարյուրավոր զոհերով, 120 հազար հայի տեղահանմամբ ու մեր բոլորիս հայրենազրկմամբ։ Մեր երեսուն տարվա պայքարը արժեզրկվեց արագ տեմպերով՝ մեր աչքի առաջ։
Նույնը Նիկոլ Փաշինյանն անում է հիմա Տավուշում՝ շարունակ մեջբերելով միջազգային հանրությանը։ Այդ հանրության համար Արցախը, կամ նախկին ԼՂԻՄ-ը վիճելի տարածք էր, հակամարտություն, որի ժամանակ ամրագրվել էր Արցախի ինքնորոշման իրավունքը, բայց դա երբեք՝ Ադրբեջանի տարածք չէր, Փաշինյանը դա դարձրեց Ադրբեջանի տարածք: Այդ հանրությունը խաղաղ կարգավորման կոչեր էր անում անգամ 2020 թվականի պատերազմից հետո, իսկ Փաշինյանը իր քաղաքական տեքստերով ամրագրեց պատերազմով ձևավորված իրողությունները։ Այս ստերի շարքը անվերջ է, բայց նաև շատ կարևոր՝ Արցախի հարցում։ Նույ Փաշինյանը Արցախի հետ միասին նաև զիջումների գնաց Հայաստանի համար կենսական կապուղիների հարցում՝ մատուցելով դա «անկլավներ» անվան տակ։
Հիմա նույնը արվում է Տավուշի հարցում, նույն սուտ խոստումները, միջազգայինների վրա բարդելու մոլուցքը, մինչդեռ պարզ մեխանիզմն է գործում՝ Ալիևն ասում է, Փաշինյանը անում է։ Անում է դա ամենաստոր ձևով՝ սկզբում սպառնալով պատերազմով, հետո խոստանալով խաղաղություն ու առևտուր։
Ի՞նչ առևտուր։ Երասխում անգամ գործարան չկարողացաք կառուցել, հիմա առևտրից եք խոսում՝ մինչդեռ իրականում խորացնում եք Հայաստանի շրջափակումը՝ նաև Ադրբեջանի վերահսկողությանը փորձելով զիջել ՀՀ-ն Վրաստանին ու Իրանին կապող ճանապարհները։
Նաև ասեմ, որ այս տարվա հունվարին Ալիևը շատ անկեղծորեն ասել էր քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո արդեն ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ։ Սա Հայաստանի օկուպացիայի ու Հայաստանը խեղդելու ծրագիր է։ Տավուշից ոչ մի սահմանազատում էլ չի սկսում, ոչ մեկ էլ սահմանազատման տրամաբանության շուրջ կոմպրոմիս ձեռք չի բերել, ոչ էլ քարտեզ կա ֆիքսված։ Տավուշից փորձում են սկսել Հայաստանի գլխին նոր էքզիստենցիալ վտանգներ բերելու գործընթացը։ Այդ ամենն արվում է «գյուղի տղա», «էդտեղի տղա» Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։
Նրա ստախոս լինելը արդեն վաղուց է ակնհայտ, իսկ եթե այդքանով հանդերձ մենք չենք կոնսոլիդացվում նրան հեռացնելու ու այս վտանգները կանխելու օրակարգով, ուրեմն եկեք հետո ոչ մի միջազգայինի վրա մեղք չբարդենք, բայց այդ ամենի հետևանքները քաղելու է մեզանից յուրաքանչյուրը՝ 100-ապատիկ ավելի ծանր ու դաժան, քան ուզում ենք պատկերացնել․․․»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին