▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր Աթոռը կարգալույծ քահանայից պահանջում է հանձնել Հովհաննավանքն ու բնակարանի բանալիները

«Հետք»-ը գրում է. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին 2026թ. հունվարի 22-ին երկու հայցադիմում է ներկայացրել կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ քահանա) դեմ։

Հայցերից մեկով եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը (այդ թվում՝ բնակարանի բանալիները)՝ վտարելով Ստեփան Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։

Երկրորդ հայցով պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։

Բացի այդ, պահանջվում է բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Եկեղեցու շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ 2025թ. հոկտեմբերի 21-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության համաձայն՝ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։

Հավելենք, որ Ստեփան Ասատրյանը՝ նախկին Տեր Արամը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով հրապարակումներին, ըստ որի՝ «Հայ Առաքելական Եկեղեցին դատի է տվել կարգալույծ քահանային. պահանջում է Հովհաննավանքի և նրան տրված բնակարանի բանալիները», գրել է. «Գարեգին (Կտրիճ) Ներսիսյանն ինձ դատի է տվել, օկ կհանդիպենք դատարանում, բայց դու կգաս, տեղդ ուրիշի չուղարկես։ Արշակունյաց VS Վեհարան»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին