▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասն գիտեմ, թե ինչ գործարքների են գնացել տարբեր ֆրակցիաների ավագանիները․․․Անի Խուդավերդյան

ԴՕԿ  կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

2024 թվականից ես մանրամասն գիտեմ, թե ինչ գործարքների են գնացել տարբեր ֆրակցիաների ավագանիները, հատկապես՝ քաղաքաշինության հանձնաժողովի նիստերի ընթացքում։ Այդ նիստերում, բացահայտորեն ի օգուտ կառուցապատողների, անցկացվել են նախագծեր, որոնք որևէ առնչություն չեն ունեցել հանրային շահի հետ։ Կան ավագանիներ, որոնք օգտվել են իրավիճակից՝ ձեռք բերելով բնակարաններ, ստանալով հավելավճարներ ու «փաթեթներ»։

Ես, լինելով քաղաքաշինության հանձնաժողովի անդամ, ամբողջությամբ գիտակցում էի, թե ինչ է տեղի ունենում ներսում։ Հենց այդ պատճառով էլ ջանք ու եռանդ չխնայեցին ինձ հանձնաժողովից և ավագանուց հեռացնելու համար։ Պատճառը պարզ էր՝ ես չվաճառվեցի, չհամաձայնվեցի մասնակցել այդ կեղտոտ գործարքներին։

Պաշտոնական պատճառաբանությունը եղավ այն, թե իբր չեմ մասնակցել 2 կամ 3 նիստի։ Սակայն հանրությանը տեղեկացնում եմ՝ ես գիտակցաբար բոյկոտել եմ նիստերը՝ քաղաքաշինական թանկացումների և ապօրինի որոշումների դեմ իմ դիրքորոշումը ցույց տալու համար։ Դա եղել է քաղաքական ու բարոյական քայլ, ոչ թե անպատասխանատվություն։

Արդյունքում ինձ զրկեցին Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամի մանդատից։ Մինչդեռ ես նշանակովի պաշտոնյա չէի․ ինձ ընտրել էին երևանցիները՝ Վարդան Ղուկասյանի շնորհիվ։Այդ մանդատը ժողովրդի վստահության արդյունք էր, ոչ թե իշխանության շնորհք։ Սակայն այսօր էլ նրանք չեն գիտակցում մի պարզ ճշմարտություն՝ վաղ թե ուշ պատասխան են տալու իրենց գործողությունների համար։

Ավելին՝ կան ավագանիներ, որոնք ամիսներով չեն մասնակցել նիստերին, սակայն մինչ օրս շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները՝ առանց որևէ հետևանքի։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է ընտրովի մոտեցումը և քաղաքական հաշվեհարդարի մեխանիզմների կիրառումը։

Հ.Գ.

Եթե չես համագործակցում ներկայիս իշխանության, այսինքն՝ այս բանդայի հետ, ապա դու անելիք չունես քաղաքապետարանում։ Իսկ թե ինչ կբացահայտվի առաջիկայում, դա արդեն թողնենք հակակոռուպցիոն մարմիններին։ Ճշմարտությունը սովորություն ունի բացահայտվելու։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին