▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լ. Զուրաբյանի նամակը Հանս վան Բաալենին՝ հակահայ բանաձերի առնչությամբ

Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի նամակը Եվրոպայի Լիբերալների եւ Դեմոկրատների Ալյանսի նախագահ Հանս վան Բաալենին

Հարգելի պարոն վան Բաալեն,

Հայ Ազգային Կոնգրեսի անունից սույն նամակով հայցում եմ Եվրոպայի Լիբերալների եւ Դեմոկրատների Ալյանսի (ԵԼԴԱ) աջակցությունը  ԵԽԽՎ֊ի ձմեռային նստաշրջանի ժամանակ հունվարի 26֊ին Ստարասբուրգում քննարկվելիք երկու բանաձեւերի նախագծերի վերաբերյալ։

Նախագծերը, որոնցից մեկը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներումբռնության էսկալացիա» (զեկուցող՝ Ռոբերտ Վալթեր), իսկ մյուսը՝«Ադրբեջանի սահմանամերձ բնակիչները դիտավորյալ զրկված են ջրից» (զեկուցող՝ Միլիցա Մարկովիչ), պարունակում են ձեւակերպումներ, որոնք, ընդունվելու դեպքում, չափազանց մեծ վնաս կհասցնեն ԵԱՀԿ֊ի Մինսկի Խմբի համանախագահներ՝ ԱՄՆ֊ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ամբողջ գործընթացին։

Այդ իսկ պատճառով խնդրում եմ առաջարկել ԵԽԽՎ֊ում ԵԼԴԱ֊ի խմբի անդամներին քվեարկել այդ բանաձեւերի դեմ՝ հետեւյալ հիմնավորումներով։

 

1.  Առաջարկված նախագծերը խարխլում են Մինսկի Խմբի համանախագահների առաջնորդած բանակցությունների գործընթացը։ Պատասխանելով ԵԽԽՎ֊ում շրջանառվող զեկույցի եւ բանաձեւի մասին ստացված հարցերին, ԵԱՀԿ֊ի Մինսկի Խմբի համանախագահները հրապարակել են հայտարարություն, որում ասված է. «Նկատի ունենալով բանակցությունների նրբազգացությունը, դրանց ձեւաչափը փոխելու կամ զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու ջանքերը կարող են վնասել բանակցությունների գործընթացին եւ խանգարել կարգավորման ընթացքին» (http://www.osce.org/mg/199471)

2.  Թեեւ Ռոբերտ Վալթերը նախագծի Բացատրական Հուշագրում ընդունում է, որ զեկուցողի «նպատակը չի եղել երկու կողմերի համար միակ ընդունելի միջնորդի՝Մինսկի Խմբի դերակատարության փոխարինումը, ո՛չ էլ երկարատեւ հակամարտության լուծում առաջարկելը», նա, այնուամենայնիվ, բանաձեւի 14րդ պարբերությունով առաջարկում է ղարաբաղյան հակամարտության լուծման սեփական տարբերակը, որը խստիվ հակասում է Մինսկի Խմբի շրջանակներում ներկայումս քննարկվող հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներին, որ բազմիցս հրապարակվել են համանախագահների կողմից (տե՛ս, օրինակ, http://www.osce.org/mg/118419).

3.Երկու նախագծերն էլ օգտագործում են ձեւակերպումներ, ըստ որոնց Լեռնային Ղարաբաղն ու նրանից դուրս տարածքները օկուպացվել են Հայաստանի կողմից։ Դա հակասում է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ֊ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերին։ 822 (1993) բանաձեւը որպես գրավող ուժ հստակ մատնանշում է Լեռնային Ղարաբաղի «տեղական հայկական ուժերը», իսկ 884 (1993) բանաձեւը կոչ է անում Հայաստանի իշխանություններին օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ունեցած ազդեցությունը՝ նրանց կողմից ՄԱԿ֊ի Անվտանգության Խորհրդի ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող բանաձեւերի կատարելուն հասնելու նպատակով (http://2001-2009.state.gov/p/eur/rls/or/13508.htm)։ Նախագծերը հակասում են նաեւ ԵԱՀԿ֊ի որոշումներին։ Հիմնվելով 1994 Բուդապեշտյան գագթնաժողովի որոշման վրա, ԵԱՀԿ֊ն, բացի Հայաստանից եւ Ադրբեջանից, հակամարտության կողմ է ճանաչում նաեւ Լեռնային Ղարաբաղը (ինչն արտահայտված է հետեւյալ հայտարարության մեջ. «Գործող նախագահողը վերահաստատում է ԵԱՀԿ֊ի նախորդ որոշումները կողմերի կարգավիճակի վերաբերյալ, այն է՝հակամարտության կողմերի՝երկու պետությունների եւ հակամարտության մեկ այլ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցությունն ամբողջ բանակցային գործընթացում, ներառյալ

Մինսկի Համաժողովը» http://www.osce.org/documents/16260?download=true)։ Լեռնային Ղարաբաղի դերը՝ որպես զինադադարի համաձայնագրի կողմ ճանաչվել է նաեւ ԵԽԽՎ֊ի 1047 (1994) բանաձեւում (http://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=16458&lang=en in Nagorno-Karabakh)։Նախագծի մեջ, սակայն,  Վալթերը կեղծ պնդում է անում, հայտարարելով, իբր  1416 (2005) Բանաձեւը եւ 1690 (2005) Առաջարկությունը «ԵԽԽՎ֊ի միակ փաստաթղթերն են, որ անդրադարնում են բացառապես ղարաբաղյան հակամարտությանը»։

Կարճ ասած, նման բանաձեւրի ընդունումը միայն կնպաստի հայերի եւ ադրբեջանցիների միջեւ անվստահության աճին, ավելի անհաշտ դարձնելով նրանց դիրքորոշումները եւ ապակայունացնելով իրավիճակը մի տարածաշրջանում, որն արդեն տարածաշրջանային եւ համաշխարհային կայունությանն եւ անվտանգությանն սպառնացող պայթյունավտանգ զարգացումերի ներուժ ունի։ Հետեւաբար, ես կոչ եմ անում ձեզ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը, որ այդ տեղեկությունները հասնեն Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ԵԼԴԱ կուսակցության ներկայացուցիչներին, որպեսզի նրանք ճիշտ ընտրություն կատարեն բանաձեւերի քվեարկության ժամանակ։

Ընդունեք իմ մեծագույն հարգանքը,

Լեւոն Զուրաբյան

Փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար

Հայ Ազգային Կոնգրես

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին