▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկին դառնու՞մ ենք ռուս-թուրքական դավադրության զոհ

,,Ինչո՞ւ հենց հիմա,, - այս հարցը վերջին տխուր իրադարձություններից հետո հնչում է անընդհատ: Չէ որ նորություն չէին ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Գագիկ Ծառուկյանի խոսքերում հնչած մեղադրանքները. երկուսն էլ, մեղմ ասած, շատ հեռու են սուրբ լինելուց: Ինչո՞ւ դրանք հնչեցին հենց այս օրերին՝ մեծ տագնապ առաջացնելով ողջ հայության մեջ՝ սպառնալով վերածվելու քաղաքացիական պատերազմի: Ո՞ւմ է դա այսօր պետք ամենից ավելի, ընդ որում, հիմա՝ Մեծ Եղեռնի 100-ամյակի նշման գլխավոր միջոցառումների նախօրյակին… 
Հայտնի է, որ Մոսկվայից իշխանության համար ,,դաբրո,, ստանալը վերջին տարիներին տխուր ավանդույթ է դարձել Հայաստանում… Օրեր առաջ լրատվամիջոցները տեղեկացրեցին Մոսկվայում Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների մասին, որոնց ընթացքում վերջիններս հայտնել էին, թե իրենք դեմ չեն լինի արտահերթ նախագահական ընտրություններով Հայաստանում իշխանափոխության… Թվում էր՝ հերթական լրատվական կեղծիք է, բայց դրան անմիջապես հաջորդեցին փետրվարի 12-ի Սերժ Սարգսյանի հայտնի ելույթն ու դրանից բխող զարգացումները, որոնք արդեն անգամ վետերան-ազատամարտիկներին են հանել իրար դեմ…
Ակամա հարց է առաջանում՝ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին ինչո՞ւ է պետք անկայունությունը Հայաստանում. չէ որ, ի վերջո, մենք ամբողջ Կովկասն ենք պահում Ռուսաստանի համար: Թերևս նրանք հիմա դրանով շատ մտահոգ չեն, քանի որ իրենց ռազմաբազաները Հայաստանում են: 
Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանը տարածաշրջանում այլ շահեր էլ ունի: Բոլորովին վերջերս արևմտյան պատժամիջոցների ֆոնին Թուրքիան սկսեց ներկայանալ իբրև Ռուսաստանի բարեկամ, Պուտինը բարեկամական այց կատարեց այդ երկիր…
Տրամաբանական չէ՞, որ թուրքերը փոխարենը ինչ-որ բաներ պետք է ակնկալեին ռուսներից: Եվ տրամաբանական չէ՞, որ դրանցից մեկը լինելու էր Մեծ Եղեռնի 100-ամյակի նշմանը ուղղակի կամ անուղղակի խոչընդոտելը, ինչի ուղղությամբ այդքան փութաջանորեն աշխատում է թուրքական պետությունը…
Պարզ տրամաբանությունն ասում է, որ հայաստանյան իրադարձությունների գաղտնի հեղինակը Մոսկվան է. պայքարողներից որն էլ մնա կամ գա իշխանության, Ռուսաստանի կամակատարն է լինելու, փոխարենն իրենք մեծ նվեր արած կլինեն իրենց նոր ,,դաշնակից,, Թուրքիային... 
1920 թվականին մենք արդեն ,,վայելել,, ենք քեմալա-բոլշևիկյան նման մի դաշինքի պտուղները: Եվ եթե այսօր ողջախոհ չլինենք, նույն կոտրած տաշտակի առաջ ենք կանգնելու...
Գուցե մի քիչ միամիտ է հնչում, բայց, կարծում եմ, որ հայության մեջ կարող են գտնվել սթափ ուժեր, որոնք կկարողանան կանգնեցնել այս վտանգավոր զարգացումները. գոնե ՀԱՆՈՒՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ և ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ…

 

Արտակ Մովսիսյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին