▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճանապարհ հարթենք թառի համար դեպի Նյու Յորք

Երիտասարդ թառահար, կոմպոզիտոր, 100-ից ավելի երգերի և շուրջ 70 գործիքային ստեղծագործությունների հեղինակ Միքայել Ոսկանյանը  և իր հիմնադրած «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը մասնակցում են  «Made in NY Jazz»  միջազգային ջազ փառատոնին: Ներկա պահին շարունակում է ընթանալ   առցանց քվեարկության փուլը, որի արդյունքում հաղթողները մասնակցելու են Նյու Յորքում կայանալիք ջազի փառատոնին: Հատկանշական է այն փաստը, որ մրցույթին մասնակցլու առաջարկը եղել է հենց կազմակերպիչների կողմից:

Մրցույթին մասնակցությունը չափազանց կարևոր է նախևառաջ այն առումով, որ  հայկական հնագույն ժողովրդական նվագարաններից մեկը` թառը,  կներկայացվի միջազգային բեմում, ինչն, անշուշտ, կնպաստի հայկական մշակույթի տարածմանը: Ինչպես նաև կմեծանա հետաքրքրությունը հայկական երաժշտական նվագարանի նկատմամբ: Հատկապես եթե հաշվի առնենք ադրբեջանական նկրտումները:

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՈ-Ի որոշմամբ թառի կատարողական արվեստը վերջերս ճանաչվել է որպես  ադրբեջանական ոչ նյութական մշակութային ժառանգություն:

 «Մրցույթը կարևորվում է նրանով, որ նախ հանդես կգանք միջազգային հանրության առջև,  թառ նվագարանը կներկայացվի աշխարհին, հավանաբար կլինեն նաև նոր առաջարկներ: Ի դեպ` մրցույթին մասնակցելու առաջարկը հենց կազմակերպիչների կողմից է եղել: Թառն այս ֆորմատով առաջին անգամ է ներկայանալու միջազգային մրցույթի: Դա շատ կարևոր է, մենք հիմա մեր ազգային նվագարանների զարգացման ու պրոպագանդման խնդիր ունենք, իսկ սա շատ լավ առիթ է»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միքայել Ոսկանյանը:

Եիտասարդ թառահարը  ծնվել է 1986 թվականին` Երևանում: Ավարտել է Երևանի ժողովրդական նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցի թառի և վոկալի բաժինները: Նվագել և երգել է Երևանի մանկական ֆիլհարմոնիայում, եղել է մենակատար: 2004-2008 թթ սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում: 2003-ից աշխատում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում` որպես մենակատար-թառահար: Ստեղծագործում է դեռևս պատանեկան տարիքից: Մի շարք երաժշտական նախագծերի հեղինակ ու հիմնադիր է` «Colors of Music» էթնո ջազ բենդ, «Միքայել Ոսկանյան և ընկերներ», «Miq's Art accoustic band», «Voices of Peace»: 2012-ին «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում կայացրել է նրա առաջին մենահամերգը` որպես թառահար, որն այդ գործիքի համար եղել է դեբյուտային. Հայաստանում մինչ այդ չէր եղել թառի մենահամերգ: Ունեցել է  բազմաթիվ համերգներ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Շվեդիայում, Ֆինլանդիայում:

Կրկին հիշեցնենք, որ այս պահին ընթանում է առցանց քվեարկության փուլը:  Փորձենք յուրաքանչյուրս նպաստել հայ երիտասարդների հաղթանակին` քվեարկելով այստեղ:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին