Ջրվեժ համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանի ուղերձը
Ջրվեժ համայնքի սիրելի´ շրջանավարտներ.
Ընկերաբար ողջունում և իմ շնորհավորանքներն եմ հղում դպրոցական վերջին զանգի տոնական առիթով:
Կար մի ժամանակ, երբ ձեզ թվում էր, թե աշխարհը մեծ էր ու պարզ ավելի, բայց արդեն հնչում է կարոտի կանչ հիշեցնող զանգը վերջին ու հուշում, որ ժամանակն ու աշխարհը խելահեղորեն շտապում են:
Մեր հայրերի սուրբ հավատքով ոտք դրեք ձեր կյանքի նոր ճանապարհին, եվ այն կլուսավորի ձեր ուղին, ու ձեր քայլերը կլինեն հաստատուն ու անխոտոր։
Այս պահից դուք թևակոխում եք կյանքի մի նոր շրջափուլ, որտեղ ձեզնից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու՝ առաջին հայացքից չերևացող հեռուները տեսնելու համար: Այդ ճանապարհին ձեզ օգնելու է ուսումնառության տարիներին դպրոցում ամբարած գիտելիքները: Գիտելիքը ձեզ առաջնորդելու է ողջ կյանքում՝ բանալու տեսքով՝ այսօր և վաղը, հիմա և հետո: Հետոն արդեն իսկ եկել է, այն սկսվել է երեկվանից և անշեղորեն ընթանում է առաջ, ուստի ամուր բռնեք գիտելիքի ձեռքը, դրա շնորհիվ եք կայանալու դուք և ստեղծելու այն երկիրը, որն այսօր միգուցե երազանք է, բայց ամենամոտ ապագայում կարող է դառնալ տեսանելի իրականություն, ուստի երկնառաք հաջողություններ ձեզ, որպեսզի հաստատուն ու նախաձեռնող ոգով ընթանաք կյանքի ճանապարհով և դառնաք այդ երազանքի մի մասնիկը:
Շնորհավորում եմ մեր շրջանավարտների ծնողներին, որոնց սրտում հուզմունքն ու ուրախությունն են ալիքվում հիմա:
Իմ բարձր գնահատանքն ու երախտագիտությունն եմ բերում կրթության գործի բոլոր նվիրյալներին նոր սերունդ կրթելու ջանադրության, խնամքի ու հոգատարության համար և հայցում, որ լինեք հավատքով ու հույսով զորացյալ, անսահման առողջ, սիրված ու գնահատված:
Իմ պատանի՛ հայրենակիցներ,
Ձեր ձեռքերում է ոչ միայն անձամբ ձեր, այլև մեր երկրի ապագան:
Շարունակեք հավատալ Հայրենիքի վաղվա օրվան, բայց պետք է ինքներդ դառնաք այդ օրը կերտելու ամենաակտիվ մասնակիցը:
Վստահությամբ նայեք առաջ, նպատակասլաց շարժվեք ձեր նախընտրած ուղղությամբ: Ես հավատում եմ, որ այսօր հնչող դպրոցական վերջին զանգը, ամենից առաջ հնչել է ձեր սրտում, ձեր հոգում՝ որպես ձեր երազանքների իրականացման կոչնակ ու ձեզ առաջնորդելու է երազանքի խաղաղ Հայաստան:
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ շրջանավարտ:


