▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ ծեծի ենթարկող քաղաքացիական հագուստով ոստիկանները դիմել էին դիշյովի սանդրանքների. Շահեն Հարությունյան

«Առաջին խաղակեսին էլ էին ինձ խիստ հսկողության տակ պահում, բայց միջադեպը եղել է երկրորդին: Առաջին  խաղակեսին որևէ  կոնֆլիկտ չի եղել, պարզապես ֆուտբոլ էի նայում, իսկ արդեն երկրորդին քաղաքացիական հագուստով  անձինք դիմեցին դիշյովի (ռուս. дешевый) սանդրանքների. այնպես էին անում, որ չկարողանամ  ֆուտբոլ նայեմ, փակում էին դիմացս, խանգարում էին տեղաշարժիս, անընդհատ գալիս էին հետևիցս, ամբողջ հարավային  տրիբունայով այս և այն կողմ էի գնում, որպեսզի փորձեմ ազատվել նրանց հսկողությունից: Նրանք երկրորդ խաղակեսին այնպիսի պայմաններ ստեղծեցին, որի արդյունքում էլ եղավ այս ամենը»,- Asekose.am-ին ասաց Շահեն Հարությունյանը` անդրադառնալով երեկ Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ իրեն ծեծի ենթարկելուն:

Շահենի պնդմամբ` իրեն ծեծի ենթարկողները քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին.

«Ընկերներիցս մեկը Օսիպյանին հարցրեց, թե ի՞նչ է կատարվում, նա պատասխանեց, որ  քաղաքացիական հագուստով անձինք ոստիկաններ են, ովքեր հատուկ օպերացիա և հանձնարարություն են իրականացնում: Բացի այդ, այդ քաղաքացիական հագուստով ոստիկաններին ես հիշեցի: Ծեծի հետևանքով էլ ունեմ սալջարդներ, վիճակս այս պահին նորմալ է»:

Անդրադառնալով այն վարկածին, որ իրեն ծեծի ենթարկելու հրահանգ տվողը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է (նման ենթադրությամբ երեկ հանդես էր եկել ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը), Շահենը նշեց, որ  հիմա ինքը դեռ ոչինչ չի կարող ասել.

«Որտեղի՞ց գիտեն, թե Ռուբեն Հայրապետյանն է… Երբ նման վարկածներ են ծնվում, պետք է որոշակի ժամանակահատվածում հիմնավորվեն կամ հօդս ցնդեն: Դեռ չեմ կարող  հստակ անուն նշել, թե ով է հրահանգել, սակայն միանշանակ սա պատվիրված է եղել: Խաղի սկզբում Ռուբեն Հայրապետյանը զրուցել էր ինձ հետ, սակայն չէր սպառնացել, պարզապես զգուշացրել էր սև ցուցակների մասին` ասելով, որ խաղադաշտ չմտնեմ, ուրիշ ձևով պայքարեմ: Պետք է նաև նշեմ, որ երեկ ինչ-որ ակցիա իրականացնելու մտադրություն չունեի, ինչպես դա արել էի նախորդ անգամ, որևէ բան կրկնելու կարիք չունեի: Եթե մեկ անգամ  մի բան եմ արել, դա դեռ չի նշանակում, որ պետք է միշտ կրկնեմ: Ես  հավաքականի խաղերը դիտելու իրավունք չունե՞մ, ինչն անում եմ 2009 թվ.-ից սկսած»,-իր խոսքը եզրափակեց Շահեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսի ավարտից րոպեներ առաջ խաղադաշտ էր մտել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը՝ հոր նկարով շապիկը հագին` «Ազատություն Շանթ Հարությունյանին և  Հայաստանի մյուս քաղբանտարկյալներին» պաստառը ձեռքին, ինչից  անմիջապես հետո մրցավարը դադարեցրել էր խաղը, իսկ ոստիկանները Շահենին հեռացրել էին խաղադաշտից:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին