Նիկոլ Փաշինյանը նախօրեին գրառում էր կատարել՝ նշելով, որ դատարանի որոշմամբ բյուջե է վերադարձվել RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0 մակնիշի ավտոմեքենա։
«Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) որպես սեփականություն Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0 մակնիշի տրանսպորտային միջոցը` 2010 թվականի արտադրության:
Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածը ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետև՝ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է»:
«Հրապարակ»-ը գրում է, որ հաշտությամբ պետությանը վերադարձած ավտոմեքենան պատկանել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի նախկին թաղապետ Արմեն Հարությունյանին։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հարությունյանից, նա անդրադառնալով մեքենայի գնին, որը ավելի է հաշվվել, քան շուկայական գինն է, ասաց․ «Գնահատողն է գնահատել, ես համաձայնել եմ»։
Հարցին՝ ընդունո՞ւմ է, որ գույքը ապօրինի է ձեռք բերել, ինչո՞ւ է հաշտության գնացել, ասաց․ «Չեմ կարող հեռախոսով պատասխանել, անձնական գաղնիք է։ Հիմա չեմ պատասխանի այդ հարցերին»։
Նշենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 9-ին սկսվել էր ուսումնասիրություն՝ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ:
Ուսումնասիրության հիմքը նախաձեռնված քրեական վարույթն էր, որով Արմեն Հարությունյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
2023 թվականի հոկտեմբերի 13-ին Գլխավոր դատախազություն էր ստացվել Արմեն Հարությունյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից հայցապահանջն ընդունելու և գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմում: Արմեն Հարությունյանը և նրան փոխկապակցված անձինք պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով փոխանցել 1 միավոր անշարժ և 1 միավոր շարժական գույք՝ ընդհանուր 16 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև՝ 28 մլն 700 հազար դրամ։
2023թ. դեկտեմբերին մեքենան փոխանցվել էր պետգույքի վարչությանը և ահա պետգույքի վարչությունը միայն 14 ամիս հետո որոշել է այդ գույքը դնել աճուրդի։