▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաշվի առնելով, որ արքեպիսկոպոսի հետ է առնչվում, «պարոն»-ով մի դիմեք»․ Արա Զոհրաբյանը՝ դատավորին

Վերաքննիչ քրեական դատարանում Միքայել Սրբազանի գործով դատական նիստի ժամանակ դատավորը Սրբազանին դիմեց «պարո՛ն Աջապահյան»։ «Հաշվի առնելով, որ արքեպիսկոպոսի հետ է առնչվում, խնդրանքս է՝ այդ հանգամանքը հաշվի առնելով դիմեք Սրբազանին»,- ասաց պաշտպան Արա Զոհրաբյանը։

«Դատարանին քաջ հայտնի է պարոն Աջապահյանի կարգավիճակը, բայց հաշվի առնելով, որ քրեական դատավարություն է իրականացվում, պետք է մնանք քրեական դատավարության տիրույթում»,- պատասխանեց դատավորը։

«Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է, որ պետք է դիմեք «պարոն» բառո՞վ»,- հակադարձեց փաստաբանը։ «Նախատեսված է մեղադրյալ տերմինը, ես այս պարագայում դիմում եմ՝ հաշվի առնելով անձի սեռը և ազգանունը»,- ասաց դատավորը։

***

Միքայել սրբազանի գործով Վերաքննիչ քրեական դատարանում քննվեց նախագահող դատավոր Էդգար Մանասյանի բացարկի միջնորդությունը։ Պաշտպաններից Արա Զոհրաբյանը նշեց, որ բացարկի պատճառը գործով դատախազ Վահան Հարությունյանի հետ դատավորի ունեցած ընկերական կապն է։

Արա Զոհրաբյանը հավելեց, որ պաշտպանական կողմը վերապահում ունի նաև գործով մյուս դատավոր Վաչե Մարգարյանի հետ կապված, սակայն նրա նկատմամբ բացարկի միջնորդություն չեն ներկայացնում, քանի որ եթե նախագահողի բացարկի միջնորդությունը հաստատվի, դատավորների ամբողջ կազմը պետք է փոխվի։
Դատարանը մերժեց միջնորդությունը։ Այսպիսով՝ Միքայել սրբազանի վերաքննիչ քրեական բողոքը կքննեն դատավորներ Վաչե Մարգարյանը, Նարինե Հովակիմյանը և նախագահող Էդգար Մանասյանը։

***

Վերաքննիչ դատարանում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի քննության ժամանակ պաշտպանական կողմը ներկայացրեց Միքայել Սրբազանի կալանքը վերացնելու միջնորդություն։ Դատական նիստի ավարտին նախագահող դատավոր Էդգար Մանասյանը հայտարարեց, որ Սրբազանի կալանքը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշում դեռևս չի հրապարակվում, դատարանն այդ միջնորդությանը կանդրադառնա նաև հաջորդ դատական նիստում, որը կկայանա փետրվարի 6-ին։

Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում է, որ «ունենալով մեծաթիվ կողմնակիցներ, 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ ներկայացուցիչների հետ հարցազրույցներում հրապարակայնորեն կոչ է արել զավթել իշխանությունը»։ Փաստաբաններն ու դատախազությունը դատական ակտը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։

Սրբազանն ունի առողջական խնդիրներ, և փաստաբանները պնդում են, որ կալանքը թույլատրելի խափանման միջոց չէ։

Դիտեք նաև՝

Աստված օգնական սրբազան հայր. դատարանում Միքայել սրբազանի աջակիցները ծափահարություններով դիմավորեցին նրան

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին