▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը

Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, գրել է ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ Հադրութում զոհվածն իր քրոջորդին է։

«Ռոբերտն ա՝ քրոջս տղան։ Հետմահու  Արիության մեդալով ա պարգեւատրվել, որը  տաքսու վարորդը  հանձնել ա հորը։ Քաղաքում մի տեղ պայմանավորվել են տոպրակով տվել ու գնացել ա։

Կրկնեմ՝ Հադրութում զոհված 18 տարեկան տղայի Արիության մեդալը տաքսու վարորդն ա հանձնել։ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԸ

Ինչի՞ համար։ Որպես ի՞նչ։

Քանի օր ա փորձում եմ սա կուլ տալ, բայց կանգնել ա կոկորդիս ու դանդաղ խեղդում ա, շատ դանդաղ։

Հասկանու՞մ եք որ էս ձեւով տված պարգեւը ավելի շուտ ընտանիքի երեսին շպրտված ողորմության ա նման, քան երախտագիտության։ Հասկանու՞մ եք, որ դրանով ավելի շուտ անարգում եք էդ մարդկանց վիշտը, քան ոգեկոչում իրենց երեխայի հիշատակը։  Վստահ չեմ, որ հասկանում եք։

Կլինի՞ ինքներդ ձեզ, ինչու չէ մեզ էլ, լավություն անեք ու էլ ոչ մեկին էս ձեւով չպարգեւատրեք։

Շնորհակալ ենք, բայց ձեզ պահեք էդ պարգեւը։

Թարմացում՝ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը կապվեց հետս, ասաց, որ ինքն ու զինկոմիսարիատը իմ գրառումից են տեղեկացել Ռոբի մեդալի մասին։ Ներողություն խնդրեց, ասաց որ անթույլատրելի է։ Մանրամասներն իմանալու համար կկապվի քրոջս ընտանիքի հետ»,- գրել է նա։

Ի պատասխան այս հրապարակման, Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ի պատասխան հայկական լրատվամիջոցներում լայնորեն տարածվող ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի՝ «Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը» վերտառությամբ գրությանը՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել հետևյալը.

Նախ՝ նշվածը իրականության հետ որևէ աղերս չունի:

Երկրորդ՝ իրականում Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ՝ «Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը:

Նախապես լ-տ Ապրեսյանը ցանկացել է մեդալը հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ վերջինիս հորը:

Զոհված զինծառայողների պարգևների հանձնման գործընթացը շարունակական է և այն իրականացվում է ոչ միայն զորամաս և ավելի բարձր օղակների հրամկազմի, այլև անմիջական հրամանատարների և մարտական ընկերների մասնակցությամբ:

Կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները և զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելուց»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին