▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԳՅՈՒՄՐԻՆ իր բյուջեի 37%-ի չափով ՊԱՐՏՔԵՐ ՈՒՆԻ

Գյումրիի քաղաքապետի փոփոխությունից հետո նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործունեության վերաբերյալ մի քանի սկանդալային բացահայտումներ եղան: Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը երեկ «Հայկական ժամանակ»-ին հակիրճ ներկայացրել է, թե ինչ է կատարվում հիմա Գյումրիում:

- Պարոն Բարսեղյան, Գյումրիի քաղաքապետի փոփոխությունից հետո դուք ինչ-որ տարբերություն նկատո՞ւմ եք քաղաքում:

- Առանձնահատուկ որևէ տարբերություն դեռ չեմ նկատել, ավագանու նիստ է եղել մեկ անգամ, որի մասին իրազեկել էին բոլոր լրատվամիջոցներին, ի տարբերություն նախորդ քաղաքապետի: Պարտքերի մասին եմ տեղյակ, նախկինում քաղաքապետարանի պարտքերի մասին հրապարակային խոսակցություններ չեն եղել, և Բալասանյանի հրավիրած ավագանու առաջին նիստում այդ մասին խոսվեց, պարզվեց, որ քաղաքի բյուջեի 37 տոկոսի չափով քաղաքը պարտքեր ունի կուտակած, որոնց հնությունը 4-5 տարվա է: Սա է եղած միակ տարբերությունը: Մամլո հաղորդագրություններ են սկսել տարածել քաղաքապետարանից: Երևի շուտ է դեռ գնահատականներ տալու համար:

- Իսկ ի՞նչ է կատարվում հիմա Գյումրիում ընդհանրապես:

- Ես ինչքան հասկանում եմ, քաղաքապետարանում այդ մեկնարկի փուլն է` ինչ-որ պաշտոնյաների նշանակում, որոշ պաշտոնյաների ազատում: Մինաս Ավետիսյանի որմնանկարներից մեկը քաղաքապետարանի պատվերով վերականգնելուց հետո տեղափոխվել է Գյումրու քաղաքապետարանի նախասրահ, բայց ինչքան հասկացա` դրանից էլ է պարտք մնացել քաղաքապետարանը: Այդ պարտքերն ինչպես է փակելու, դժվար է պատկերացնել: Պարտքեր կան, որ շատ անհասկանալի են` 840 մլն դրամի ի՞նչ ասֆալտապատման աշխատանք է կատարվել քաղաքում, որ չենք տեսել: Եթե պարզվի, որ դրանք արհեստական ուռճացված գումարներ են, իրավական հետևանքներ պիտի լինեն: Քաղաքապետարանը հեռախոսային խոսակցությունների պարտքեր է կուտակել, պետք է պարզել, թե ուր է խոսվել, որ ամեն անգամ 2, 2.5, 2.7 մլն դրամի պարտքեր են կուտակվել, ինչ երկրներ են զանգել, չիմանա՞նք, մեր փողերն են:

- Իսկ Վարդան Ղուկասյանն ի՞նչ է անում:

- Տեղյակ չեմ, բայց որ պարտքատերերը բավականաչափ վճռական են տրամադրված, այդ տեսակ լուրեր հասնում են:

- Այստեղ տեղեկություններ կան, որ հնարավոր է` Ղուկասյանին ազատազրկեն: Այդտեղ կա՞ նման տպավորություն:

- Այդ մասին շատերն են խոսում, նաև խոսում են, որ հնարավոր է` Սերժ Սարգսյանը որոշի հանձնում-ընդունումը մեղմացնել, մոտավորապես հետևյալ վերնագրով, որ այդ տղան ռեժիմին էլ է ծառայել, չի կարելի հալածել այդպես անմարդկային կերպով, բայց կա այդ վարկածը, որ կարող է իրավական հետևանքները շատ խիստ լինեն:

- Մենք լուր էինք հրապարակել, որ իրավապահները քաղաքապետարանի վերջին տարիների փաստաթղթերն են պահանջել:

- Չի բացառվում, որ այդ փաստաթղթերը խմբագրելու համար են ուզել: Բայց եթե ուզեն, ռեժիմն ընդունակ է իր համար քավության նոխազներ գտնել, մանավանդ ընտրությունների շեմին գուցե փորձեն դա օգտագործել և նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում սկսեն:

- Քաղաքացիների տրամադրություններում փոփոխություն կա՞:

- Խոշոր հաշվով, այս ամենը նրանց չի հետաքրքրում: Նրանք մինչև շատ կոնկրետ իրենց մաշկի վրա փոփոխություն չզգան, չեն կարողանա դատողություն անել: Նրանց մի մասը սպասում է իր գրին քարտին, արտագաղթելու տոմսին, մի մասն անտարբեր է, մի մասն էլ մտածում է` իր գործն անի, ինչ ուզում է` լինի:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Քաղաքականություն ավելին