▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի պասիվության պատճառները

ԲՀԿ-ականներն արձանագրում են, որ Երեւանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստանն» է իրականացնում ամենաակտիվ քարոզարշավը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:


«Դա եզակի արձանագրություններից է, որ ԲՀԿ-ի դեպքում կարելի է համարել իրականությանը համապատասխանող: Իրապես, ԲՀԿ-ն զգալիորեն ակտիվ է քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի շրջանակում: Ընդ որում, այդ ակտիվությունը նաեւ արտահայտվում է ծախսված գումարների վիճակագրությամբ: Սակայն ընդհանուր կուսակցական այս ակտիվության ֆոնին ակնառու է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պասիվությունը: Նա չի մասնակցում քարոզարշավին, համենայնդեպս՝ մինչեւ հիմա: 

2009 թվականի ընտրությունների ժամանակ Գագիկ Ծառուկյանն ամենաակտիվն էր, այսինքն՝ նա էր առաջնորդում ԲՀԿ քարոզարշավները: ԲՀԿ-ի այն ժամանակվա քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանը հազիվ էր հասցնում վազել ԲՀԿ-ի առաջնորդի հետեւից: Այսօր նա չի գնում կուսակցական քարոզարշավի առջեւից եւ նույնիսկ հետեւից էլ չի գնում՝ Ծառուկյանն ընդհանրապես չկա: 

Մարդկայնորեն կարելի է հասկանալ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին: Այն ամենից հետո, ինչ անում էր նա նախագահական ընտրություններից առաջ, իհարկե՝ մի փոքր անհարմար է հայտնվել հասարակության շրջանում եւ փորձել պաթետիկ ելույթներ ունենալ։
Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանն այդ խնդիրը չունեն՝ մարդկային իմաստով, որովհետեւ նախագահական ընտրություններից առաջ իրենք չէ, որ հրաժարվել են, նրանց շուրջ չէ, որ փորձել են միանգամից մի քանի կուսակցություններ հասարակական սպասումներ ծավալել: 

Սրան զուգահեռ, սակայն, Գագիկ Ծառուկյանի պասիվությունը ունի նաեւ պրագմատիկ-քաղաքական հիմքեր: ԲՀԿ-ն իր գործունեության ընթացքում ցույց է տվել, որ բացարձակապես անընդունակ է ճակատամարտ տալ ՀՀԿ-ի դեմ: ԲՀԿ-ն կարող է սպառնալ, կարող է ամեն ինչ անել ՀՀԿ-ին դժվարին դրության մեջ դնելու համար, սակայն վճռական ճակատամարտի դուրս չի գա երբեք: Այս տեսանկյունից Գագիկ Ծառուկյանը կարծես թե իրեն է ապահովագրում՝ ակտիվորեն չմասնակցելով քարոզարշավին: 
Ծառուկյանը քարոզարշավի հիմնական պատասխանատվությունը թողնում է Վարդան Օսկանյանի եւ մյուս ԲՀԿ-ականների վրա՝ անձամբ չմասնակցելով եւ, այսպես ասած, իր դեմքով պարտավորության տակ չմտնելով եւ անվանական պատասխանատվություն չստանձնելով ընտրությունների արդյունքների եւ առավել եւս՝ հետընտրական զարգացումների համար: 

Այս ամենով հանդերձ՝ նման մարտավարությունը ԲՀԿ-ի առաջնորդը կծառայեցնի նաեւ ներկուսակցական ազդեցության հարցերում՝ ընդգծելով իր դերը եւ նշանակությունը, երբ ԲՀԿ-ն ավագանու ընտրություններում հերթական անգամ կզիջի ՀՀԿ-ին՝ ամպագոռգոռ հայտարարություններից հետո: Այս անգամ Ծառուկյանը նախընտրում է չլինել անմիջական բղավող, ինչը հետո հնարավորություն կտա «բղավել» կուսակցության ներսում: Իսկ այդ խնդիրը ԲՀԿ-ի առաջնորդի համար կարեւոր է, որովհետեւ ակնհայտ է, որ կուսակցության ներսում առաջացել է շահերի լուրջ բախում, որը ավելի ու ավելի հաճախ է դրսեւորվում ԲՀԿ-ի գործունեության ընթացքում»,- եզրափակում է թերթը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին