▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆիլմը դիտողները կհասկանան, թե իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել». Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիտեցի Տիգրան Պասկևիչյանի ֆիլմը։ Այն ցուցադրելու համար Հանրային հեռուստաընկերությունը նախ պետք է դատարան մտներ, փորձեր դրա ցուցադրումն արգելել դատարանով, ապա հանրային ճնշման ներքո ընկրկեր ու ցուցադրեր։ Պետք է օրվա իշխանության ծառայամիտ կամակատարներն արդարացնեին ֆիլմի ցուցադրման արգելքը, ապա՝ հանրային ճնշման ներքո հեռանային գլխիկոր։ Աշխարհի բոլոր իշխանություններն էլ, որքան էլ դրանք վատը լինեն, ունեն ու ունենալու են պաշտպաններ։ Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք հանուն ինքնահաստատման, հանուն մի կտոր հացի, հանուն սեփական բարեկեցության կարդարացնեն գործող իշխանության ցանկացած քայլ՝ կլինի անհամաձայնների գնդակահարություն, կլինի անհամաձայնների դատապարտում, կլինի ցենզուրա, թե սեփական երկրի կենսագրության մեկ հատվածը ներկայացնող ֆիլմի ցուցադրման արգելք։
Ֆիլմը դիտողները, եթե կենտրոնանան, ապա կհասկանան, թե 2020-ի պարտությունից, 2021-ից, 2023-ից հետո գործող իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել։ Ֆիլմը պատմում է մեր հաջողությունների մասին, իսկ պարտություններ բերած, պարտություններներով ու նահանջներով սնվող իշխանություններն այն ընդունել չեն կարող։
Բայց, թե՛ երեկ, թե՛ այսօր, մեկ բան հստակ է՝ հանրային ճնշումն անում է իր գործը։ Չլիներ այդ ճնշումը՝ չէր ցուցադրվի այս ֆիլմը։ Ուրեմն՝ կեցցե՛նք մենք։ Ուրեմն՝ կանք ու կլինենք մենք։ Մերն այսօրը չէ։ Անգամ վաղը՝ սպասվող ընտրություններից հետո եկող օրը մերը չէ։ Անկախ հանգամանքից, թե որ ուժը կընտրվի։ Մերը վաղվանից հետո եկող օրն է։ Այն դեռ գալու է»։

Գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրայինն իր «Յութուբ» ալիքում վերջապես տեղադրեց «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը։ Մի՞թե արժեր հասնել դատարան, դատարանում չլսել ու հաշվի չառնել հարցի լուծման՝ իմ կողմից հնչեցված ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղադրել ֆիլմը «Յութուբ»-ում, եւ փորձել ներկայացնել դա` որպես ՀՀԽ-ի առաջարկած լուծում։
Շնորհակալ եմ Հայաստանի այն լրատվամիջոցներին, որոնք ակտիվորեն բարձրացրեցին ֆիլմի արգելման հետ կապված խնդիրները։ Շնորհակալ եմ ՖԲ-ի ընկերներին, Հայաստանի և Սփյուռքի տարբեր կազմակերպություններին ու անհատներին, որոնք աջակցեցին ինձ և միասնական ուժերով հասանելի դարձրեցին մեր պատմության կարևորագույն դրվագին վերաբերվող այս ֆիլմը։
Վստահ եմ՝ միացյալ ուժերով ամեն խնդիր եք կարողանալու լուծել»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին