▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եզակի դեպքերից մեկն էր, երբ մարդիկ սրտանց ու անկեղծորեն ուրախացան

Երեկվանից համացանցում տարածվել են Հենրիխ Մխիթարյանի նոր ավտոմեքենայի մասին լուրերը: Այս պատմության մեջ երկու ուրախալի փաստ կա: Նախ, որ Հենոն իսկապես արժանի էր դրան, քանի որ հոյակապ անձնավորություն է, համեստ տղա, բարձրակարգ ֆուտբոլիստ, եւ այդ ամենին հասել է աշխատասիրության, նպատակին ձգտելու եւ տաղանդի հաշվին, եւ ոչ թե արագաչափեր, տեսախցիկներ տեղադրելու, փողոցների ամեն մի սանտիմետրի վրա կարմիր գծեր քաշելով, գազալցակայաններում թերլիցքավորման եւ նմանատիպ այլ՝ մարդկային նորմալ ուղեղի մեջ չտեղավորվող, տարատեսակ տմարդի գործունեությունների արդյունքում: Երկրորդ կարեւոր փաստն այն է, որ ազգս դրանով դարձավ անճանաչելի...Իրոք եմ ասում: Զարմանալիորեն բոլորի միջից անհետացավ նախանձ կոչված սատանայական բնազդը կամ երեւույթը, միգուցե՝ հոգեվիճակը: Եզակի դեպքերից մեկն էր, երբ մարդիկ սրտանց ու անկեղծորեն ուրախացան եւ ոչ թե բազմիցս լսված՝ «Իմ դարդերը քիչ էին, Հենոն էլ Լամբորջինի առավ», արտահայտությանն արժանացրեցին: Հենոյին մաղթենք, որպեսզի իսկապես բարով վայելի հալալ քրտինքով վաստակած պարգեւը, անփորձանք լինի եւ սահուն անցում կատարենք ՉԼ-ի խաղային երկրորդ օրվան:

8 խաղեր, որոնցից կենտրոնականը տեղի կունենա «Ստադիո Օլիմպիկո» ստադիոնում: Բարսելոնան, ինչ խոսք, գերակումբ է եւ առաջին հայացքից թվում է, որ այսօր «ճզմելու է» Ռոմային: Բայց գայլերի ոհմակն էլ վատը չէ ու կարծում եմ, որ այսօր իսկապես գեղեցիկ ու լարված խաղ կստացվի, իսկ Ռոմային կհաջողվի արժանի տեսք ունենալ ՉԼ-ի գործող գավաթակրի հետ խաղում: Բոլոր խաղերին մանրամասն չանդրադառնամ, բայց մեկ խաղի վրա կանգ առնեմ, քանի որ կարծում եմ՝ այսօրվա անակնկալը պետք է սպասել հենց այս խաղում: Չգիտեմ՝ ով ոնց, բայց ես մի պահ մտքովս անցկացնում եմ, որ Թել-Ավիվի Մաքքաբին այսօր կտխրեցնի Մոուրինյոյի տղաներին... Բայց, մյուս կողմից էլ, բոլորը մտածում էին, որ Յուվենտուսը կպարտվի՝ ինչպես Պոգբան էր նշել, «Քաթար Սիթիին», քանի որ Ծեր Սինյորան ծայրահեղ անհաջող էր մեկնարկել Ա Սերիայում... Մի խոսքով՝ գոլառատ ֆուտբոլ, հետաքրքիր ու լարված խաղեր եւ, իհարկե, բարի դիտում բոլորիս։

 

Մենուա Մեհրաբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին