▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղել են դեմքիս կեղծ ժպտացողներ ու «սրտակից» քողով հանդես եկողներ, ովքեր թիկունքիցս հարվածել են

Էռնա Էլիզբարյանն այն հեռուստադեմքերից է, ով միշտ աչքի է ընկնում իր վառ անհատականությամբ և կոկիկ, խնամված տեսքով:  Հիրավի, բնությունից ժառանգած գեղեցիկ արտաքինը  դարձավ այն այցեքարտը, որով Էռնան հեշտությամբ մուտք գործեց հեռուստատեսություն և իր ուրույն տեղը զբաղեցրեց  «հեռուստաաշխարհում»:

Իսկ թե ինչպես է նա հայտնվել հեռուստատեսության բնագավառ և ինչ դժվարություններ է հաղթահարել իր ճանապարհին, կարող եք ծանոթանալ հարցազրույցի ընթացքում:

 

Ինպե՞ս եք մուտք գործել հեռուստատեսություն.

-Շատ հետաքրքիր պատմություն կա այս ամենի հետ կապված: Հեռուստատեսություն մուտք եմ գործել հայոց լեզվի ուսուցչուհուս եղբոր առաջարկով: Նա այդ ժամանակ հեռուստատեսությունում ռեժիսոր էր աշխատում   և նոր բացվող հաղորդման համար «սլավոնական» արտաքինով աղջիկ էր փնտրում, ով պետք է որպես հաղորդավարուհի հանդես գար: Նա նկատել էր իմ «ոչ ստանդարտ» արտաքինը և փորձել էր հրավիրել ինձ նկարահանումների:

Արտաքին տվյալներից բացի, աչքի ընկա  նաև գիտելիքներիս պաշարով, ուստի և անմիջապես ընդունեցին ինձ աշխատանքի: Ասեմ, որ ես ևս չհապաղեցի և առանց երկար-բարակ մտածելու ընդունեցի աշխատանքային առաջարկը: Եվ, ինչպես տեսնում եք, բախտն ինձ ժպտաց:

Այսպես, 1997 թ-ին մուտք գործեցի Ազգային հեռուստատեսություն (այժմ` Հանրային հեռուստատեսություն), որտեղից էլ սկսվեց կարիերաս:

Առաջին հաղորդումը, որ վստահեցին ինձ վարելու «Այլ ալիք» երաժշտական ծրագիրն էր: Այնուհետև համագործակցության տարբեր առաջարկներ ստացա. վարել եմ տարբեր ժամանցային ծրագրեր, զուգահեռ թղթակցել եմ ամսագրերում: Հմտանալով աշխատանքիս մեջ` տեղափոխվեցի «Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն», որտեղ «Արմենիա» հեռուստաընկերության պատվերով վարեցի «Քրեական ժամ» հաղորդաշարը: Իսկ արդեն հետո  առիթ ունեցա վարելու «Ժամը» լրատվականը:

 

Ինչո՞վ  Ձեզ գրավեց այս «անծայրածիր աշխարհը».

- Նախ ասեմ, որ ինձ համար շատ կարևոր էր բուն մասնագիտությամբ աշխատելը (մասնագիտությամբ հեռուստալրագրող է-հեղ.): Եվ հիմա  վստահ կարող եմ ասել, որ այս հանգամանքը դարձավ այն «հենակետը»,  որն ինձ առաջ շարժվելու համար խթան հանդիսացավ: Մեծ էր նաև սիրածս աշխատանքով զբաղվելու գործոնը:

Ի հավելում Ձեր հարցին, պատասխանեմ, որ այս «անծայրածիր աշխարհն» ինձ ոգեշնչում էր նաև մրցակցության գաղափարով, որը առաջ ընթանալու, նոր հորիզոններ գրավելու հնարավորությունն էր տալիս: Իսկ ես երբեք չեմ վախեցել մրցակցությունից:

 

Ի սկզբանե որոշել էիք ա՞յս ուղղությամբ գնալ, թե՞ ոչ

-Հեռուստատեսություն մտնելու առաջին իսկ օրից հասկացա, որ սա է լինելու այն ուղին, որով պետք է ընթանամ: Միաժամանակ գիտակցում էի, որ եթե  այս գործին լուրջ չվերաբերվեմ ու չաշխատեմ ինքս ինձ վրա, ապա դժվար թե կարողանամ այս ոլորտում երկար գոյատևել, քանի որ այստեղ թերացումները չեն ներվում: Սակայն հոգատար և անձնվեր մոտեցում ցուցաբերելով աշխատանքիս մեջ` երբեք խնդիրներ չեմ ունեցել:

 

Ի՞նչ  դժվարություններ եք ունեցել այս ճանապարհին  և ինչպե՞ս եք հաղթահարել ծառացած խնդիրները

-Ցանկացած բնագավառում էլ դժվարություններ լինում են, հեռուստատեսությունը ևս բացառություն չէ:  Ինչու ոչ, ճանապարհիս հանդիպել են մարդիկ, ովքեր ցանկացել են իրենց արարքներով խոչընդոտել առաջխաղացմանս: Հանդիպել են  դեմքիս կեղծ ժպտացող , «սրտակից» քողի ներքո  հանդես եկողներ, ովքեր թիկունքիցս հարվածներ են հասցրել: Սակայն նրանց չի հաջողվել վնաս պատճառել ինձ` շնորհիվ անկոտրում ոգուս և նպատակասլացությանս:

Հուսահատությունները երբևէ տեղի տվե՞լ են

-Գիտեք, այնպիսի բնագավառում եմ աշխատում, որտեղ հուսահատություններից դժվար է խույս տալ: Բնականաբար, եղել են հուսահատություններ: Պարզապես ժպիտով եմ  դիմագրավում  նման իրավիճակներին  և շարժվում եմ առաջ:

Այս դեպքում ապավինում եմ հոգևոր ուժին, որը ինձ  միշտ օգնության է հասնում:

 

Ունեցե՞լ եք արդյոք  իդեալներ «հեռուստաաշխարհից»,  ովքեր ոգեշնչել են Ձեզ.

 

-Իդեալներ չունեմ, բայց կան հեռուստամեկնաբաններ, որոնց աշխատանքը բարձ եմ գնահատում և միշտ հետևում եմ իրենց գործունեությանը:

 

Հիշու՞մ եք Ձեր առաջին եթերը.

-Իհարկե հիշում եմ, չեմ կարող մոռանալ այդ օրը: Հուզմունքս և լարվածությունս  անսահման շատ էր: Սակայն, Փառք Աստծո, ամեն ինչ  բարեհաջող ավարտ ունեցավ:

 

Ենթադրում եմ, որ հետաքրքիր միջադեպեր եղել են եթերներից, որոնք հիմա ժպիտով եք հիշում.

- Անշուշտ եղել են: Այս պահին զվարճալի դեպք հիշեցի: Մարտի 8-ի եթեր էր, և ես, տոնական տրամադրությամբ համակված, բարձր տրամադրությամբ ինձանով այնքան էի տարվել, որ ռեժիսորի «Դու եթերում ես» հրահանգը չէի լսել, և հայտնվեցի ուղիղ եթերում: Իսկ հեռուստադիտողը ականատես եղավ, թե ինչպես եմ հիանում տեսքովս և ուղղում մազերս:

 

Ձեզ միշտ տեսնում ենք  «լրատվական դաշտում»,  այլ ձևաչափերում ինչո՞ւ հանդես չեք գալիս.

-Նախկինում, մինչև լրատվական դաշտում հայտնվելը, այլ երաժշտական-ժամանացային հաղորդաշարերում եմ   հանդես եկել:  Իսկ այլ ձևաչափով, հեռուստադիտողը  կարծում եմ տեսել է, երբ մասնակցել եմ «Ֆորդ Բոյարը», «Երբ պարում են աստղերը» շոու-ծրագրերին:

 

Իսկ ինչպե՞ս եք լիցքաթափվում ծանրաբեռնված աշխատանքից հետո

Ինձ համար հանգստիս լավագույն տարբերակը տանը, հարազատներիս շրջապատում լինելն է, երբեմն էլ լողավազան եմ հաճախում:

 

Որպես վերջաբան, չէիք ասի,   թե այժմ ի՞նչ վիճակում է գտնվում Հայաստանում հեռուստաեթերը: Ի՞նչ դրական և բացասական փոփոխություններ են գրանցվել նախկին և այժմյան հեռուստատեսությունում:

 

-Միանշանակ առաջընթացը զգալի է և տեսանելի: Կարևոր  «տեղաշարժերից» մեկն այն է, որ բազմակարծությունը գերիշխում է, ինչը նախկինում բացակայում էր:  Հարկ է նշել նաև խոսքի ազատության մասին, ինչը նույնպես ժամանակին չկար:

Այնուհանդերձ, չեմ կարող ասել,  որ այժմյան հեռուստաեթերը կատարյալ է: Սակայն այն համոզմունքին եմ, որ հեռուստատեսությունները ձգտում են լինել կատարյալ, իսկ կատարելության մղումը նշանակում է ամեն ինչ անել ունկնդիրների լայն լսարանին որակյալ արտադրանք տալու ուղղությամբ:

 

                                        Զրուցեց    Գևորգ    Չիչյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին