▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Ծառուկյանը գնա դեպի իշխանափոխություն, կկագնենք իր կողքը. Տիգրան Կարապետյան

Տիգրան Կարապետյանը գուցե ամենաակտիվ քաղաքական գործիչը չէ, սակայն նրա հնչեցրած ցանկացած կարծիք երբեք չի մատնվում անուշադրության: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հետ` Եռյակի, դրա ծավալած գործունեության, Գագիկ Ծառուկյանին վստահելու, հնարավոր իշխանափոխության մասին և ոչ միայն:

-Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Դուք և Ձեր ղեկավարած Ժողովրդական կուսակցությունը քաղաքական դաշտում ակտիվ չէ, ինչո՞վ է պայմանավորված տվյալ հանգամանքը: 

-Ակտիվ ասելով` նկատի ունե՞ք, որ հանրահավաքներ չենք անում… Մենք ակտիվ քաղաքականության մեջ ենք, ամեն ինչին հետևում ենք, մեր էլեկտորատը տեղում է, ուղղակի չենք մասնակցում, որովհետև չենք հավատում ներկա ուժերին: Տեսեք, թե ինչ է ստացվում. խորհրդարանական ուժերը կազմակերպում են հավաքներ և դրանք կոչում ժողովրդական շարժում, բայց մյուսներին չեն հրավիրում, ուրեմն` դա նախ ժողովրդական շարժում չէ, որովհետև արտախորհրդարանական ուժերը չեն մասնակցում, երկրորդն էլ բլոկային մոտեցում է… Բոլոր ղեկավարները նախկին իշխանական աշխատողներ են, բացի  Ծառուկյանից: Մենք Ծառուկյանին տեղ ենք տալիս, հավատում ենք նրան, բայց մյուսներին չենք հավատում:

-Պարոն Կարապետյան, ուշագրավն այն է, որ Եռյակի ձևավորման առաջին իսկ պահից հաճախ կարող ենք հանդիպել կարծիքներ, որոնք թերահավատորեն են մոտենում  Գագիկ Ծառուկյանի` ընդդիմադիր լինելու փաստին: Այդ տեսակետն ունեցողները նշում են, որ օլիգարխը պարզապես չի կարող ընդդիմադիր լինել: Սակայն Դուք Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ  այլ մոտեցում ունեք, ինչո՞վ է դա պայմանավորված:

-Գագիկ Ծառուկյանը սովորական օլիգարխ չէ, նա շատ բաներ է արել ժողովրդի համար: Օրինակ` տեսել եմ ուսանողների, գյուղտնտեսության համար ինչեր է արել, ընդհանրապես, ժողովրդի համար ներդրած լումա ունի, բարեգործություններ է անում, ինչպե՞ս կարող եմ դա չգնահատել: Շատ  օլիգարխներ կան այսօր, որոնք փոշեկուլի պես փող են կուտակում ու ոչ մի կոպեկ ժողովրդին չեն տալիս, իսկ ժողովրդի հետ կիսվելը ճիշտ մոտեցում է:

-Ստացվո՞ւմ է, որ Դուք արդարացնում եք` «եթե գումար ես աշխատում, ապա գոնե  կիսվիր ժողովրդի հետ» տեսակետը…

-Բա ոնց, բա ոնց…Մենք պետք է ունենանք մեծահարուստներ, բայց մեծահարուստ` մարդկային դեմքով, ոչ թե մեծահարուստ, ով միայն սեփական հարստացման մասին է մտածում:

-Իսկ մեր մյուս մեծահարուստները, Ձեր կարծիքով, Գագիկ Ծառուկյանի նման չեն, այդպե՞ս է:

-Իսկ ինչու Դուք դա չգիտե՞ք: Նշեք որևէ օլիգարխի անուն, ով ժողովրդի համար, օրինակ, տրակտորներ է գնում, ավտոբուսներ, շտապ օգնության մեքենաներ է նվիրում. ցույց տվեք ինձ այդպիսի մի օլիգարխի: Ես ոչ թե արդարացնում եմ, այլ եղածն եմ ասում: Ես էլ էի ժողովրդի համար անում այն, ինչ կարողանում էի, մինչև չտուժեցի… բայց պետք է անենք, որովհետև մեր ժողովուրդն է, ուրիշը չէ: Այդ առումով Գագիկ Ծառուկյանը վստահություն է ներշնչում, օրինակ` նայում ես ռեժիմին լացդ գալիս է, իշխանությունը թալանում է, տեսեք էլիտան ինչ է անում, չեն կշտանում:

-Հնարավո՞ր է, որ մի օր Ձեզ էլ տեսնենք Եռյակի, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանի կողքին:

-Եթե Ծառուկյանը գնա դեպի իշխանափոխություն, մենք կկանգնենք իր կողքը:

-Իսկ իշխանափոխությունն իրատեսակա՞ն է:

-Իրատեսական է, որովհետև ընդհուպ Մոսկվան ներկայիս իշխանություններին չի վստահում:

-Իշխանափոխությունը տեղի կունենա՞ մոտ ժամանակներս:

-Հունվարի 1-ից, այսինքն` Հայաստանի` ԵՏՄ պաշտոնապես մտնելուց հետո: Մանավանդ իմ տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը շատ մոտ է Լուկաշենկոյի հետ և շատ հնարավոր է, որ դա տեղի ունենա: Չեմ մտածում, որ այնտեղ Սերժ Սարգսյանին շատ տեղ են տալիս:

-Քանի որ Գագիկ Ծառուկյանից այսօր շատ խոսեցինք, չեմ կարող չհարցնել. հնարավո՞ր է, որ նա լինի մեր հաջորդ նախագահը:

-Ինչու ոչ... ներկայիս իշխանությունն ինչո՞վ է առավել` իր բիրտ ուժով, թե՞ որ ծեծում և կրակում է ժողովրդի վրա` հաշվի առնելով մարտի 1-ի դեպքերը:

-Պարոն Կարապետյան, նշեցիք, որ իշխանափոխություն Հայաստանում հունվարի 1-ից հետո տեղի կունենա, հետաքրքի՞ր է` այդ հարցում Եռյակը ներդրում կունենա:

-Ոչ, Եռյակն ի՞նչ է իրենից ներկայացնում... ինչ էլ, որ անի, ժողովուրդը կանի:

-Այդ ժողովրդին գլխավորողը Եռյակը չի լինի՞:

-Ես չէի ցանկանա, որ Եռյակը գլխավորեր, ժողովուրդը պետք է հեղափոխություն անի և ընտրի որևէ մեկին. լավ կլինի, որ ընտրի բարի մարդու, ոչ թե նորից ընկնի ծուղակը:

-Իսկ Եռյակին հետևելը նշանակո՞ւմ է ընկնել ծուղակը:

-Եթե հաշվի առնենք Լևոն Տեր-Պետրոսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին, ուրեմն` այո:

-Ձեր ասածը պարադոքսալ է, Դուք չեք հավատում Եռյակին, սակայն հավատում եք Գագիկ Ծառուկյանին, չէ որ, ի վերջո, նա այսօր Եռյակի մի մասն է:

-Դաշնակցությունն էլ էր իրենց հետ, բայց հետ կանչվեց: Այն ժամանակ էլ հարցնում էին, թե ինչո՞ւ չեմ հավատում Քառյակին, որովհետև Դաշնակցությունը հետ կանչվեց, որտեղից իմանանք, թե ինչ կլինի հետագայում:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին