▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանցիները հավաքվում են Ազատության հրապարակում, տավուշցիներն էլ միջպետական ճանապարհ են փակել

***

***

Երևանցիները հավաքվում են Ազատության հրապարակում,  տավուշցիներն էլ  միջպետական ճանապարհ են փակել

Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում։ Նրանք փակել են միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնություն են հայտնում սահմանազատման հետ կապված։ Բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ: Այս մասին թելեգրամյան էջում հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

Տավուշի մարզի Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնություն են հայտնում հրապարակված սահմանազատման տարբերակին։

Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․ «Այս պահին գտնվում եմ Տավուշում: Բաղանիսի և Կիրանցի բնակիչները տարբեր հատվածներում փակել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը»։

***

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Հերթականի հետ հարմարվող ու հաջորդի մասին հարցնող ժողովուրդ...
Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը, կողքից էլ Շիրակն ու Լոռին։ Մի տարի հետո էլ Երևանը...
Դե նստեք բորշ եփեք ու քննարկեք, թթվասերով ուտեք, թե՞ առանց...
Երբ կանայք են այս հարցը տալիս, դեռ մի կերպ տանում եմ, երբ տղամարդիկ են տալիս ու նստում...
Օ՜ ժամանակներ...
Հ.Գ հացից ինձ ու շատերին զրկելով ցեմենտ ու քար ու այլ շիննյութեր էի հասցնում սահման, որ զինվորը ամուր կանգնի, որ պաշտպանված լինի, որ կռվի, որ անտեր չլինի ...
Հիմա պաշտպանելու են, թե՞ հանձնեն նահանջեն...»։

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական ճանապարհը, քանզի համաձայն չեն միակողմանի կերպով տարածքները Ադրբեջանին հանձնելուն, որի հետևանքով վտանգելու է Բաղանիսը և ոչ միայն Բաղանիսը։ Ոսկեպարի բնակիչները հավաքվել են, հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի որոշումն է»։

***

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ․ «Նիկոլ Փաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց ժողովրդին, վերադարձավ Երևան, ու հայրենիքի հանձնման հերթական համաձայնության մասին պաշտոնական տեղեկությունը ստացանք:
Հիմա էլ լռե՞նք...»։

***

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը Ադրբեջանին է հանձնում դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի (Հ-58) մի հատվածը Կիրանց գյուղի մոտակայքում։
59 կմ երկարությամբ այդ ճանապարհը (Աչաջուր գյուղից մինչև Հաղթանակ գյուղ) հաստատված է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից 30.11.2023թ-ին։
Հետևաբար, ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»։

***

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թվիթերյան գրառումը․ «Հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների աշխատանքի, իրավական փաստաթղթերի ու 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը սկսվելու վերաբերյալ։ ԵՄ-ն լիովին աջակցում է բանակցությունների գործընթացին, համապարփակ ու տևական կարգավորման հասնելու նպատակին»։

***

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի թելեգրամյան գրառումը․ «Խաղաղության գործընթացը երբեք հեշտ և պարզ չէ և հիմնականում բաղկացած է լինում այնպիսի որոշումների ընդունումից և դրանց իրագործումից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից։ Եթե այդ որոշումների նկատմամբ մեր վերաբերմունքը շարունակենք ձևավորել «հակամարտելու» տրամաբանությամբ, ապա այն միանշանակ բացասական է լինելու։

Թեև շատերիս համար դժվար է մեզ դուրս դնել այդ տրամաբանությունից, բայց կարծում եմ յուրաքանչյուրս առնվազն անձնական մակարդակում, իսկ նաև դրա արդյունքում հավաքական մակարդակում, մենք պետք է ջանք գործադրենք այդ ուղղությամբ։

Հակամարտող կողմերի միջև կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է։

Եվ այսօր մենք պետք է արձանագրենք, որ ունենք էական առաջընթաց այս հարցում։ Առաջընթացն էական է նաև, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր, ինչը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով ճանաչվել է մեր տարածքային ամբողջականությունը՝ հիմնված ՀԽՍՀ վարչական տարածքի վրա»։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին