▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատապարտող հայտարարությունների հեղինակները տեղյակ չեն խնդրի մասին. «Լարկո գրուպ»-ի սեփականատեր

Արդեն կարծես օրինաչափ և մի տեսակ մոդայիկ են դարձել առանձին հասարակական-քաղաքական հոսանքների և  «քաղաքացիական նախաձեռնությունների» հայտարարությունները մեր Հայաստան երկրի քաղաքացիների իբր օրինական շահերի պաշտպանության վերաբերյալ: Ցավով պետք է հերթական անգամ արձանագրենք, որ կոնկրետ դեպքում, Սայաթ-Նովա 10/5-ին վերաբերող դատապարտող հայտարարությունների հեղինակներն ընդհանրապես տեղյակ չեն խնդրի քաղաքաշինական և իրավական կողմերին և չեն էլ ծանրաբեռնում իրենց նման հոգսերով, այլ ընդամենը շտապում են ըմբոստ-ժողովրդավար, քաղաքացիական պայքարի ջատագով և/կամ սկզբունքային-արդարամիտ երևալ` հնարավորության դեպքում ամրապնդելով սեփական հեղինակությունը: Ցանկալի կլիներ, որ այդ հեղինակները,  որպես իրավագիտակից քաղաքացիներ, հասկանային, որ բարձրագոչ հայտարարություններով և «օրինականության ինքնուրույն հաստատման» մասին բռնարարքների կոչերով իրենք լոկ ապօրինություն են հաստատում և խորացնում են ներդրող  ընկերության`  «Լարկո Գրուպ» ՍՊԸ-ի օրինական շահերի արդեն մի քանի ամիս տևող խախտումը:

Ընկերության ներկայացուցիչների և շինարարների հետ տեղում բախումներ հրահրող անհատները,  «շահագրգիռ» բնակիչները և նրանց ուղղորդող էլ ավելի շահագրգիռ անձիք կարող է չցանկանան և անգամ չփորձեն տեսնել պարզ և փաստացի իրողությունները, որոնք «Լարկո գրուպ» ընկերությունը  չի զլացել բազմիցս պարզաբանել և ներկայացնել բոլոր ցանկացողներին, բայց կարծում ենք, որ հրապարակային հայտարարություններով հանդես եկող սուբյեկտները պարտավոր են դա անել` գոնե հանուն իրենց իրական հեղինակության:

Ինձ մնում է միայն արձանագրել, որ մեր երկիրն իսկապես սիրող մարդիկ են կարողանալու շունչ տալ իրենց ներդրումային նախաձեռնություններին` չվհատվելով չարակամությունից, խաբեությունից ու մեր երկրին վրա հասած քաղաքացիական հասարակության ձևավորման անցումային շրջանից:

Աբել Հախվերդյան, «Լարկո գրուպ» ՍՊԸ սեփականատեր

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին