Դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում «Հերացու անվան թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 49-ամյա Կ․ Մարությանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած- ծակած վերք» ախտորոշմամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը հայտնի է քրեական անցյալով։


