▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր ստրիպտիզից ժողովուրդն ահագին գրգռված է. Ն.Փաշինյան

2015 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի հիմքում ոչ մի ռազմավարական ծրագիր չկա և ըստ էության, մենք գործ ունենք անողնաշար բյուջեի հետ: Այսօր՝ ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարությունն արձանագրել է, որ գազի, հոսանքի գինը թանկացել է և որպես փոխհատուցում մի 2 կոպեկ տալիս է թոշակառուներին, ուսուցիչներին ու ոչ մի բան...երևի Աստված մի դուռ կբացի: Բյուջեի նախագծում ոչ մի խոսք չկա աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշների մասին: Չի ասվում, թե այսօր աղքատությունն ինչքան է ու չգիտենք՝ 2015թ. բյուջեի արդյունքում ավելանալու է, թե՞ պակասելու: Բյուջեի նախագծին երբ ծանոթանում ենք, հասկանում ենք, որ ՀՀ-ն հայտնվել է տոկոսի տակ ընկած գյուղացիների կարգավիճակում, որոնք մի բանկից վարկը վերցնում, մյուսինն են փակում»,-նկատեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ 2015 թ.-ին ՀՀ կառավարությունը նախատեսում է 114 միլիարդ դրամի պարտք վերցնել և նույն թվականի ընթացքում փակել 115 միլիարդ դրամի պարտք:

«Սա ի՞նչ ա, եթե ոչ՝ տոկոսի տակ ընկած պետություն»: 

Պատգամավորն անդրադարձավ բյուջեի նախագծում առկա արտառոց փաստերի.

«Սահմանապահ Չինարի, Բարեկամավան, Դովեղ համայնքների դոտացիան նվազել է: Այս 3 համայնքները, որոնք գտնվում են կրակագծի ամենասուր կետում, նրանց դոտացիաները պակասում են: Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի համար էլ ավելացել է 269.000 դրամով, իսկ Երևանի համար՝ 2 միլիարդ դրամով: Երևանում նույն փողոցը կարող են տարին 2 անգամ քերել, ասֆալտապատել: Դե արի, մարդկանց բացատրի, որ ատկատների համար չի արվում: Սահմանապահ համայնքների համար բյուջեում փող չկա: Խոսքը Հայոց բանակի թիկունքային առաջին գիծն ամրապնդելու մասին է: Միջոցառում է, որ անպայման պետք է ձեռնարկվի: Հուսով եմ, կառավարությունը գիտակցում է: Սա ոչ իշխանական եռյակի դեպքը չէ, որ ամառնն ասեն աշուն, աշնանն ասեն ձմեռ, ձմռանն էլ ասեն գարուն: ԲՀԿ պատգամավորներն ասում են, թե այս կառավարությունը նախորդից շատ ծանր ժառանգություն է ստացել: Կներեք, այդ ե՞ս էի այստեղ նստած, որ նախորդ կառավարության նախագծերը շուտ-շուտ անցկացնում էի: Ես չէ, վարչապետի պաշտոնում գտնվող Հովիկ Աբրահամյանն էր»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին