
Սիվիլնեթը գրում է․ «Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ուելնես կենտրոն» ընկերությունը բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունների մի մասը՝ 6,8 մլն դրամը, մարել է հենց այն օրը` 2026-ի հունվարի 16-ին, երբ ՍիվիլՆեթը գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարտքի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։
ՍիվիլՆեթը բազմիցս անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի ընկերությանը, որը 2016-ի հոկտեմբերի 10-ից Երևանի Օղակաձև զբոսայգում՝ Ալեք Մանուկյան 11 հասցեում, ստացել էր ավելի քան 12,000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունք։
ՍիվիլՆեթի նախորդ ուսումնասիրությունների համաձայն՝ դեռ 2025-ի օգոստոսին ընկերության պարտավորությունները համայնքին հասնում էին շուրջ 30 մլն դրամի։ Ըստ քաղաքապետարանի նախկին պարզաբանման՝ 2022-ի հուլիսից սկսած յոթ ամիսների ընթացքում կուտակվել էր շուրջ 17 մլն դրամի պարտավորություն և 12 մլն դրամ տույժ։
Քաղաքապետարանից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ Ծառուկյանի ընկերությունը «բազմիցս տեղեկացվել է իր պարտավորությունների վերաբերյալ և պարբերաբար կատարել է համապատասխան վճարումներ»։ Այնուամենայնիվ, վճարումների դինամիկան ցույց է տալիս, որ խոշոր փոխանցումները հաճախ համընկնում են հանրային հետաքրքրության կամ հարցումների շրջանների հետ։ Օրինակ՝ նմանատիպ այլ խոշոր վճարում (շուրջ 12 մլն դրամ) կատարվել էր 2020-ի հունիսի 30-ին․ սա այն ժամանակահատվածն է, երբ Ծառուկյանը սկսեց քննադատել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այնուհետև հունիսի 15-ին գլխավոր դատախազը Ազգային ժողովին միջնորդեց նրա հանդեպ քրեական հետապնդում հարուցել ու ազատությունից զրկել՝ մի քանի հոդվածի հատկանիշներով` ապօրինի ձեռնարկատիրություն և ընտրություններին համակարգային ընտրակաշառք բաժանելու։
Ծառուկյանի պարտքն ու նրա միլիարդները
Չնայած վերջին փոխանցմանը, հունվարի 29-ի դրությամբ ընկերության ընդհանուր պարտքը քաղաքային բյուջեի նկատմամբ դեռևս կազմում է 16,6 մլն դրամ։ Այս գումարի ճնշող մեծամասնությունը՝ 14,3 մլն դրամը, կուտակված տույժերն են, իսկ մայր գումարի պարտքը կազմում է 2,2 մլն դրամ։
Այս պարտքի չափը ուշագրավ է դառնում Գագիկ Ծառուկյանի 2024-ի տարեկան հայտարարագրի ֆոնին (նա հայտարարագիր է ներկայացնում՝ որպես կուսակցության ղեկավար)։ Ըստ այդմ՝ պատգամավորի միայն մեկ տարվա եկամուտը գերազանցել է 11,9 մլրդ դրամը, որի հիմնական մասը գոյացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից (շուրջ 8 մլրդ դրամ)։ Այսինքն՝ այն պարտքը, որը քաղաքապետարանը չի կարողանում ամբողջությամբ հավաքագրել տարիներ շարունակ, կազմում է Ծառուկյանի տարեկան եկամտի ընդամենը 0,14 տոկոսը։
Ծառուկյանը հայտարարագրել է նաև զգալի կանխիկ միջոցներ՝ ավելի քան 4,6 մլն եվրո, 31,6 դոլար, ինչպես նաև 1,7 մլրդ դրամ։ Ֆինանսական տվյալների վերլուծությունը փաստում է, որ Ծառուկյանի միայն կանխիկ դրամական միջոցները բավարար են նմանատիպ մոտ 1,000 պարտք մարելու համար:
Գագիկ Ծառուկյանը նաև բարեգործական հիմնադրամ ունի, որը տարբեր ծրագրեր է իրականացնում։ Այնուամենայնիվ, բարեգործությանը միլիոնավոր դրամներ հատկացնող գործարարը տարիներ շարունակ չի մարում քաղաքային բյուջեի նկատմամբ ունեցած իր ընկերության պարտավորությունները։
Քաղաքապետի նախազգուշացումը. սնանկացման հեռանկար՝ խոշոր պարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը 2025-ին տարբեր տարածքների վարձակալությունից հավաքագրել է շուրջ 1,1 մլրդ դրամ։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան 2025-ի դեկտեմբերին ամփոփիչ ասուլիսին ասել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 29-ին հրավիրած ասուլիսին։ Նրա խոսքով՝ այդ գումարի «առյուծի բաժինը»՝ մոտ 500 մլն դրամը, գոյացել է այգիների տարածքների վարձակալությունից։
«Երևանի քաղաքապետարանը որդեգրել է մոտեցում, որ այգիները, կներեք արտահայտության համար, «վետերոկի» մակարդակով վարձակալները չեն կարող պահել։ Այդ տրամաբանությամբ՝ բոլոր այն մասնավոր գործընկերների հետ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել, մենք վերանայում ենք գինը։ Բոլոր այն տեղերում, որտեղ ունենք ներդրող, փոփոխություն ենք իրականացնում»,- ասել էր Ավինյանը՝ հավելելով, որ սա վերաբերում է բոլորին։
«Այն դեպքերում, երբ մեր գործընկերները հրաժարվում են կամ տարբեր պատրվակներով փորձում են ժամանակ ձգել, նրանց սնանկացում է սպասվում։ Մենք գործն ուղարկելու ենք սնանկացման, և այդ ընկերությունները շատ ավելի մեծ խնդիրների են բախվելու, եթե չփակեն պարտքերը կամ չառաջարկեն ներդրումային ծրագիր»,- շեշտել էր Ավինյանը։
Մեր ճշտող հարցին՝ արդյոք քաղաքապետարանն արդեն դիմել է դատարան «Մուլտի Ուելնեսի» մասով, քանի որ այն ևս խոշոր պարտք ունի, Ավինյանը դժվարացավ հստակ պատասխանել։
«Չեմ կարող վստահ ասել՝ կոնկրետ որ դեպքով ինչ ենք արել, բայց եթե պարտքը կուտակվում ու ավելանում է, ինչ-որ փուլում, անկախ անձից ու ընկերությունից, Երևանի քաղաքապետարանը կդիմի սնանկացման դատարան»,- նշել էր նա»։


