▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուհի ռեկտորը բոյկոտում է Աշոտյանին

Ապրիլի 23-ին Հայաստան է ժամանում Օրենբուրգի Մենեջմենթի պետական համալսարանի ռեկտոր Օլեգ Սվիրիդովի ղեկավարած պատվիրակությունը։ Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Նախատեսվում է, որ Սվիրիդովը պետք է Հայաստանի կառավարության հետ պայմանագիր ստորագրի իր ղեկավարած բուհի մասնաճյուղը Հայաստանում հիմնելու մասին:

Հայաստանում տարեցտարի պակասում է բուհ դիմողների քանակը, բուհերի ռեկտորները բողոքում են, որ եթե այսպես շարունակվի, ապա բուհերը պետք է կանգնեն օպտիմալացման եզրին եւ միավորվեն։ Իշխանությունները պետական բուհերին օգնելու նպատակով  խստացնում են մասնավոր բուհերի գործունեության պայմանները։ Այս պայմաններում Հայաստանում նոր ռուսական համալսարան բացելը ուղղակի անհասկանալի է։ Ավելի ճիշտ՝ հասկանալի, բայց միայն՝ ռուսների տեսակետից։ Պարզ է, որ ռուսներն ուզում են Հայաստանից Ռուսաստան մեկնողներն ունենան ռուսական չափորոշիչնեին համապատասխան կրթություն։ Մի խոսքով՝ ռուսական բուհի նպատակը լինելու է՝ աջակցել «Համերկրացիներ» ծրագրին...

Բայց հիմա անդրադառնանք մեկ այլ խնդրի, որը ոչ թե մշակութաբանական է, այլ արարողակարգային։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Օլեգ Սվիրիդովի ղեկավարած պատվիրակությունը հանդիպելու է վարչապետ Տիգրան Սարգսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։ Բայց նույն աղբյուրների փոխանցմամբ, ռուսաստանցի պաշտոնյան հրաժարվել է հանդիպել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ։ Իշխանական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սվիրիդովի ղեկավարած պատվիրակությունը պատրաստ է հանդիպել ԿԳՆ որեւէ վարչության պետի հետ, բայց ոչ՝ Արմեն Աշոտյանի։ Թե ինչո՞ւ են ռուսներն այդպես որոշել, պաշտոնական բացատրություն չկա...

Այս այցը կազմակերպող որոշ պաշտոնյաներ կարծում են, որ ռուսներն ավելի լավ են տեղեկացված Հայաստանի ներիշխանական վերադասավորումներին, եւ հնարավոր է, տեղեկություն ունեն, որ Արմեն Աշոտյանը չի լինելու ապագա կառավարության կազմում, ուստի անիմաստ են համարում հանդիպել մի մարդու, ով հանդիպումից  ընդամենը 10 օր հետո դառնալու է նախկին նախարար...

Հնարավոր է նաեւ, որ ռուսական բուհի ռեկտորը խուսափում է հանդիպումից, քանի որ Աշոտյանն ընդգծված ռուսասեր չէ, եւ ժամանակ առ ժամանակ իրեն թույլ է տալիս ոչ այնքան ռուսահաճո արտահայտություններ, հանդես է գալիս եվրոպական ինտեգրման օգտին։

Բայց եթե դա այդպես է, եւ  ռուսական բուհի ռեկտորը իրեն թույլ է տալիս բոյկոտել հայ նախարարին նրա քաղաքական հայացքների համար, սա ոչ միայն արարողակարգի կոպիտ խախտում է, այլեւ վատ վարքի նշան։ Դրան ի պատասխան պետք է նրա հետ հանդիպելոց հրաժարվեին նաեւ վարչապետը եւ քաղաքապետը...»,- գրում է «168 ժամը»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին