▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պայքարը մեծ է Նիկոլ Փաշինյանից ու ամեն մեկից.Հայկ Մարտիրոսյան

«Եղավ սահմանադրական հեղափոխություն, որի նախադեպն աշխարհում չկա, բայց սա հղի է լուրջ վտանգներով, քանի որ նույն այդ շատ վատ Սահմանադրությամբ՝ գրված վատ մասնագետների կողմից, խութեր են ստեղծում կառավարության ղեկավարի համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ հավելելով.

«Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը մեծ մարտահրավերների առջև է կանգնելու: Ներկայիս իշխանության մնացորդների կողմից հզոր հակաքարոզ է սկսկվելու: Նրանք տեսան, որ ուժով, խաբեությամբ և անմաքուր մեթոդներով չի ստացվում, փորձելու են շարունակել վարկաբեկման արշավը: Նիկոլ Փաշինյանի ճանապարհին շատ դժվարություններ են լինելու, քանի որ որոշեց գնալ հեղափոխությունների համար արտառոց ճանապարհով, որն առայժմ իրեն արդարացնում է»:

Այն, որ ՀՀԿ-ականները մայիսի 1-ի ԱԺ նիստում չքվեարկեցին Նիկոլ Փաշինյանի օգտին ու սա երկարաձգվեց մինչև մայիսի 8-ը, քաղաքագետը նկատեց.

«ՀՀ-ում քաղաքական մշակույթ էր ստեղծվել, որ իշխանությունը եթե դիմադրում է, հաղթում է համբերելով ու ժողովրդին կոտրելով: Բայց նրանք այնքան էին իրականությունից կտրված, որ չհասկացան՝ դա չի աշխատելու, քանի որ ունենք նոր տիպի հասարակություն: Այս պահի դրությամբ ունենք շատ բարձր որակի հասարակություն ու իշխանությունը համընդհանուր գործադուլի և դասադուլի արդյունքում հասկացավ, որ եթե չընդառաջեն, կսրբեն ու կտանեն ամեն ինչ: Այստեղ Նիկոլ Փաշինյանի անձի հարցը չէ արդեն: Նա առաջնորդն է, խորհրդանիշը, նա ամբողջ պայքարը չէ: Այս պայքարը մեծ է Նիկոլ Փաշինյանից ու ամեն մեկից: Սա համաժողովրդական պայքար է ու կասեցնել հնարավոր չէ»:

Դիվանագետ Արա Պապյանն էլ նշեց.

«Հեղափոխության այս փուլից հետո պետք է սկսվի հետևողական ու նպատակասլաց աշխատանքի ժամանակահատված: Կառավարության խնդիրն էլ կարճ ժամանակահատվածում ազատ և արդար ընտրությունների անցկացումն է, որի արդյունքում կունենանք մնայուն Կառավարություն, չնայած ՀՀԿ-ական կայուն թևը՝ Շարմազանովն ու ուրիշները, կփորձեն արտահերթ ընտրությունների անցկացումը երկարաձգել մինչև մեկ տարի, վիճակը վատացնել, այդ թվում և տնտեսական, առաջացնել հիասթափություն, որպեսզի հաջորդ ընտրություններին ներկայանան ավելի լավ վիճակով, Նիկոլ Փաշինյանենք՝ վարկաբեկված: Տեսե՛ք, մարդիկ կան, ովքեր արդեն  սոցիալական ցանցերում հարցնում են, թե իրենց աշխատավարձերը ե՞րբ են բարձրացնելու և այլն:  Մարդկանց թվում է, թե դա մեկ հրամանագրի գործ է, ամեն ինչ հեշտ է: Հիմա, որ ՀՀԿ-ն դառնա ընդդիմություն՝ այդ հարցերը տալու է»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին