Բուհերում, քոլեջներում, ուսումնարաններում և ավագ դպրոցներում այլեւս չեն լինելու չհաճախող, բայց դիպլոմ ստացող ուսանողներ ու աշակերտներ. այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա ավագ դպրոցի աշակերտներին, բուհերի ուսանողներին եւ այս ուսումնական հաստատություններում սովորողներին հորդորել է սեպտեմբերի 1-ից անպայման հաճախել դասերի, որպեսզի վերջ դրվի դպրոցներ, քոլեջներ կամ բուհեր չհաճախելու, իսկ հետո դիպլոմ ստանալու արատավոր երեւույթին:

Նախարարը հայտարարել է, որ ուսումնական հաստատություններ հաճախելիությունը խստագույնս վերահսկելու են, քանի որ պետությունը գումար է վճարում ուսումնական հաստատությանը սովորողի համար, բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ մեծ է դասերի չհաճախողների թիվը։

«Հաջորդ ուսումնական տարվանից այդ գործընթացը լինելու է մեր ուշադրության կենտրոնում, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք արդարացված են պետության կողմից վճարվող մեծ գումարները»,- ասել է Արայիկ Հարությունյանը:


