▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղվան Հովսեփյանի խիստ հանձնարարականը` ծեծի գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ Հրավարդ Սարգսյանի (Գագիկ) դաժան ծեծի գործով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը խիստ հանձնարարականներ է տվել:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին՝ 18:30-ին, 1995թ. ծնված Մանուկը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենա, Վարդենիս-Երեւան ավտոճանապարհի 1-ին կմ հանդիպել է դիմացից երթեւեկող Վազ-21/150 մակնիշի մեքենային, որի մեջ էին եղել 38 տարեկան Մարտին Հակոբյանը, 27 տարեկան Զոհրաբ Կարապետյանը եւ 27 տարեկան Հրանտ Շաբոյանը: Ճանապարհը չզիջելու պատճառով սկսված վիճաբանությունն ավարտվել էր Հրավարդ Սարգսյանին (Գագիկ) եւ նրա որդուն՝ Մանուկ Սարգսյանին, դաժան ծեծի ենթարկելով: Դեպքից հետո Գագիկը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մի քանի օր անց մահացել էր: Իսկ Մանուկը դեռ ամբուլատոր բուժումներ է ստանում: Այս գործով ձերբակալվել էին երկու հոգի՝ Հրանտ Շաբոյանը եւ Մարտին Հակոբյանը: Հրանտը կալանավորված է, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քր. օր 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար, պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով): Իսկ, ահա, Մարտին Հակոբյանին առաջադրված մեղադրանքը դեռեւս պարզ չէ. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Մարտինին երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ ազատ են արձակել, քանի որ վերջինս ցուցմունք է տվել է, թե ինքը ծեծի հետ կապ չունի:

Ավելին, ըստ շրջանառվող լուրերի, դաժան ծեծի հետեւանքով մահացած Գագիկի որդին, իբրեւ թե, ոստիկանությունում ցուցմունք է տվել, որ Մարտինը օգնել է իրեն, որպեսզի ծեծված հորը ջուր տա եւ տեղափոխել է հիվանդանոց:

Եվ այսպես, կատարվածի մանրամասները պարզելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Մարտին Հակոբյանի հոր` Մարատ Հակոբյանի հետ: Նրա խոսքերով՝ ինքը որդուն դեռ չի տեսել եւ անգամ տեղյակ չէ` ազատե՞լ են նրան, թե՞ ոչ:

«Դեպքի իրիկունը զանգեցի, ասեցի՝ Մարտին ո՞ւր ես, ասեց, թե պապ գնացել եմ Երեւան: Ասեցի՝ բա երբ կգաս, ասեց, որ առավոտը կգամ: Ավելի ուշ իմացա, որ սենց դեպք է եղել: Հետո ասեցին, որ ինքը գետնին ընկած մարդուն օգնություն է ցույց տվել, մահացողի տղայի հետ այդ մարդուն դրել, բերել են հիվանդանոց: Ինձ այդ մասին տեսնողներն են պատմել: Իմ տղան չկա: Մենակ լսել եմ, որ եկել է ոչ թե ոստիկանության Վարդենիսի բաժին է հանձնվել, այլ ոստիկանության Գավառի բաժնում է հանձնվել»: Թերեւս նկատի ունի ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը:

Մեր այն հարցին, որ, եթե իր որդին չի ծեծել, այլ օգնել է դաժան ծեծի ենթարկված Գագիկին, ապա ինչո՞ւ է փախուստի դիմել, հայրը պատասխանեց. «Երեւի, որ կատարվածի կամ իր ընկերների արարքի համար վկայություն չտա, էլ բան չեմ պատկերացնում»:

Ըստ մեր զրուցակցի՝ դեպքից հետո մահացած Գագիկի  հարազատները ասել են, թե կգնան եւ կայրեն նրանց բնակարանները. «Մեր տունը ոստիկաններն են հսկում: Կինս գնացել է կողքի գյուղ, աղջիկս իր երեխաների հետ նույնպես գնացել է տանից: Մի խոսքով՝ ո՛չ իմ, ո՛չ եղբորս տանը մարդ չկա, եւ պատկերացրեք՝ այս ամենը եղել է մի մեքենայի ազդանշանի, ճանապարհը չզիջելու համար»:

Եթե մահացածի հարազատները, ըստ շրջանառվող լուրերի, հայտարարել են, որ կայրեն ծեծողների բնակարանները, ապա ինչպես է ստացվում, որ մահացածի որդին ոստիկանությունում ցուցմունք է տալիս, թե Մարտինը օգնել է իրեն: Միգուցե մահացածի հարազատներին սպառնացե՞լ են, թե՞  շրջանառվող լուրերը իրականություն չեն: Բայց միայն սա չէ տարակուսելին:

Հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս են եռօրյա կարճ ժամանակահատվածում ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը եւ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վալերի Բաղյանը հասկացել, որ Մարտին Հակոբյանն անմեղ է, եւ ստորագրությամբ ազատ են արձակել նրան, թե՞ վերջիններս այս քայլին գնացել են միանգամայն այլ դրդապատճառներով:

Ինչեւէ, ոստիկանների գլխին պահած «սառը ցնցուղը» չուշացավ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը նախօրեին այցելել է Գեղարքունիքի մարզ եւ այս աղմկալի ծեծի գործով խիստ հանձնարարականներ տվել: Մեզ հասած տեղեկություններով՝ Հովսեփյանը հանձնարարել է միջադեպի մասնակիցներից Մարտին Հակոբյանի կատարած արարքին ճիշտ որակում տալ: Ուստի չի բացառվում, որ Մարտին Հակոբյանին, որը ներկայումս ստորագրությամբ ազատ է արձակվել, նոր մեղադրանք առաջադրվի, որին էլ հետեւի կալանքը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին