▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն 2 տարի շատ բարդ ժամանակահատված է մեր երկրի և ազգի համար․ Վարազդատ Հարոյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը Դուբլինում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում հույս է հայտնել, որ Ազգերի լիգայի վերջին տուրում կկարողանան հաղթել Իռլանդիայի թիմին։

Նախավերջին տուրի խաղում Հայաստանի թիմը Երեւանում 0:5 հաշվով պարտվել էր Ուկրաինայի թիմին։

«Մենք ձգտում ենք մոռանալ նախորդ հանդիպումը, որը բարդ եւ անհաջող ստացվեց մեր թիմի համար։ Բայց վաղը նոր խաղ է եւ նոր հնարավորություն՝ ցուցադրելու, որ մենք հոգեբանորեն լավ եւ ուժեղ թիմ ենք։

Երեւանում Իռլանդիայի դեմ շատ լավ խաղ ենք ունեցել՝ ցուցադրելով մեր հնարավորությունների առավելագույնը։ Հույս ունենք, որ վաղը կկարողանանք անել նույնը, ինչ Երեւանում։

Արդեն երկու տարի շատ բարդ ժամանակահատված է մեր երկրի եւ ազգի համար։ Մենք կձգտենք անել առավելագույնը, որպեսզի փոքրիկ ուրախություն պարգեւենք մեր ազգին։ Շատ բարդ է խաղալ ֆուտբոլ եւ կենտրոնանալ, երբ երկիրը պատերազմական վիճակում է»,- ասել է Հարոյանը։

Երեւանում Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղում Իռլանդիայի թիմին պարտության էր մատնել նվազագույն հաշվով Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ։

Իռլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

B լիգայի առաջին խմբում 5 տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով վերջինն է, Իռլանդիան նախավերջինն է՝ 4 միավոր։ Ոչ ոքի արդյունքի կամ պարտության դեպքում՝ Հայաստանի թիմը կնահանջի C լիգա։

Խմբի առաջատարը Շոտլանդիան է՝ 12 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող Ուկրաինան ունի 10 միավոր։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին