▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի դատարանների որոշումները օրինական կհամարվեն այն երկրների կողմից, որոնք կճանաչեն ԼՂՀ անկախությունը

Տիկին Նուլանդի տարածաշրջանային այցը կարևոր էր հատկապես այն տեսանկյունից, որ սա նման մակարդակի ամերիկյան պաշտոնյայի առաջին գործուղումն էր Հայաստան՝ Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի պատժամիջոցների գործադրումից հետո, և սպասելի էր նրա կողմից, նոր աշխարհաքաղաքական իրավիճակում, երկկողմ հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի տեսլականի ներկայացումը:

Գնահատելի է այն, որ ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել մի շարք կարևոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: Միաժամանակ ուշագրավ է այն, որ մեզանում առավել մեծ ուշադրության արժանացան հայ-թուրքական հաշտեցման գործընթացի և դեռահասի սպանության ու մի շարք այլ հանցագործությունների համար Արցախում դատապարտված դիվերսանտներին ադրբեջանական կողմին հանձնելու հնարավորության մասին տիկին Նուլանդի կողմից հնչեցված տեսակետները: Այսպես՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ապագայի առնչությամբ նա իր ուրախությունն է արտահայտել առ այն, որ Հայաստանը չի կասեցրել իր մասնակցությունը դրան և շատերին տարօրինակ թվաց բարձրաստիճան պաշտոնյայի այս պնդումն անմիջապես այն բանից հետո, երբ պարոն Սերժ Սարգսյանը ետ կանչեց խորհրդարանից չարաբաստիկ հայ-թուրքական արձանագրությունները: Կարծում եմ, որ տիկին Նուլանդն իրավացի է՝ Հայաստանն այդ գործընթացի մասնակիցն է համարվելու այնքան ժամանակ, քանի դեռ չի չեղարկել արձանագրությունների տակ դրված ՀՀ պաշտոնական ներկայացուցիչի ստորագրությունը:

Դիվերսանտների հետ կապված տիկին Նուլանդի մարդասիրական մոտեցումները շատերին վրդովվեցրեցին՝ դժվար է հասկանալ մարդասպաններին, փաստորեն, ազատություն շնորհելու և Ադրբեջանում հերոսացնելու առաջարկը: Կարծում եմ, որ այս խնդիրը քաղաքական համատեքստում է պետք դիտարկել՝ մարդասիրական մղումների մասին ասածները դնելով մի կողմ: ԱՄՆ-ը, ինչպես և Հայաստանի Հանրապետությունը, չեն ճանաչում ԼՂՀ-ն որպես անկախ պետություն և, քանի դեռ խնդիրն իր իրավական լուծումը չի ստացել, Արցախը դիտարկում են որպես Ադրբեջանի տարածք, որը գտնվում է Բաքվի դատական իրավազորության տիրույթում: Հետևաբար նաև ԼՂՀ դատական ատյանների գործունեությունն օրինական համարել չեն կարող:Արցախի դատարանների որոշումները օրինական կհամարվեն այն երկրների կողմից, որոնք կճանաչեն ԼՂՀ պետական անկախությունը: Ահա սրա մասին պետք է մտածեն ՀՀ քաղաքական ու պետական շրջանակները: Մյուս կողմից արժե հիշել նաև, որ,եթե չեմ սխալվում, Ռուսաստանի արտգործնախարարն էր առաջինը, ով բարձրաձայնեց ՌԴ-ի միջնորդությամբ դիվերսանտներին Ադրբեջանին արտահանձնելու հնարավորության մասին՝ սա նշանակում է, որ ամերիկացի պաշտոնյան պարզապես վերականգնել է հավասարակշռությունը: Այս իրավիճակում հայկական կողմերը հնարավորություն են ստանում որոշ քայլեր կատարելու համար:

Եթե Հայաստանը ռուսական պատկան մարմինների հետ համատեղ քննություն է կատարում Գյումրիի դաժան սպանության գործով, ապա Արցախը կարող է առաջարկել ամերիկյան կողմին այս կարգի հանցագործությունների համատեղ նախաքննություն իրականացնել, ինչպես նաև, մինչև արցախյան հիմնախնդրի վերջնական հանգուցալուծումը, իրավական աջակցություն ցուցաբերել ադրբեջանի քաղաքացիներին ԼՂՀ դատարաններում և արցախցիներին՝ ադրբեջանական դատական ատյաններում՝ այս կարգի համագործակցության փոխընդունելի ձևերը կարելի է գտնել:

Արման Մելիքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին