▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով կարևոր վկաներից մեկը

Միացյալ Նահանգներում   մահացել է 1999-ին Հայաստանի ազգային հեռուստատեսության մեկնաբան Տիգրան Նազարյանը, ով  Հոկտեմբերի 27-ի գործով վկաներից էր ու  եղել է Նաիրի Հունանյանի մտերիմ ընկերը:

Տիգրան Նազարյանը ահաբեկության օրը գնացել էր  Ազգային Ժողովի  դահլիճ եւ մոտ երկու ժամ զրուցել  Նաիրի Հունանյանի հետ: Ըստ տեղեկությունների, Տիգրան Նազարյանը ներկա էր եղել  նաև Ռոբերտ Քոչարյան - Նաիրի Հունանյան հանդիպմանը:


2000 թվականի նոյեմբերին  Տիգրան Նազարյանը Ազգային հեռուստատեսության կողմից վեց ամսով գործուղվել էր  ԱՄՆ ու այլեւս չի վերադարձել: Ըստ նրա, ինքը սկզբում «վիզան երկարացրել է կնոջ հղիության պատճառով», ապա որոշել է ընդհանրապես չվերադառնալ Հայաստան:  Դրանից հետո Ազգային հեռուստաընկերությունը հրաժարվել էր նրա հետ համագործակցությունից:

Լոս Անջելեսի հեռուստաընկերությանը 2002-ին տված հարցազրույցում  Տիգրան Նազարյանը, չնայախ  ասել է, որ Հայաստանում իր նկատմամբ  ճնշում չի եղել, բայց նշել է, որ իրեն ակնարկել են.  «ինչ գործ ունի գա, գնացել է, թող մնա…»:

Տիգրան Նազարյանը  բազմիցս էր հայտարարել, որ չի պատրաստվում Հայաստան վերադառնալ` նույնիսկ Հոկտեմբերի 27-ի գործով դատարան կանչվելու դեպքում. «Այնտեղ չեմ գնա, թող գան այստեղ, ինձ հետ զրուցեն»,-նշել էր նա:

Ավելի ուշ, մամուլում տարբեր հրապարակումներ եղան, թե Տիգրան Նազարյանն  ԱԱԾ-ի աշխատակիցներից սպառնալից հեռախոսազանգեր էր ստացել ու հենց այդ  պատճառով էլ հայտարարում էր, թե  ինքը Հայաստան չի վերադառնալու, քանի որ գոյություն ունի իր անվտանգության խնդիրը:

Տիգրան Նազարյանը մահացել է քաղցկեղից:



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին