▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանի ռեֆերենտն աշխատանքի չի ներկայանում, բայց աշխատավարձ ու պարգև է ստանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրեն ռեֆերենտ է նշանակել Էդգար Մուրադյան անուն-ազգանունով մի մարդու, որը աշխատանքի չի ներկայանում, բայց պարգև ու աշխատավարձ ստանում է: Այսպես, հարցում ուղարկեցինք ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ներկայացնելով, որ օրաթերթի ներկայացուցիչը շրջել է ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատասենյակի միջանցքներով, ԱԺ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների աշխատանքային սենյակները արձանագրել է, սակայն Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն ավարտած Էդգար Մուրադյանի աշխատասենյակը, դրա մասին վկայող ցուցանակը չկա:
Հարց. 1. Էդգար Մուրադյանը վերջին 6 ամիսների ընթացքում քանի՞ անգամ է աշխատանքի հաճախել. խնդրում ենք տրամադրել ՊՊԾ անցակետի միջոցով նրա աշխատանքի ներկայանալու հավաստիացումները:

2. Որտե՞ղ է աշխատանքային գործունեությունը ծավալում Էդգար Մուրադյանը, ո՞ր սենյակում, և ինչո՞ւ չկա ցուցանակ:

3. Կոնկրետ ի՞նչ աշխատանքներ է իրականացնում նա՝ ստանալով աշխատավարձ եւ պարգեւավճար պետության միջոցներից:

4. Ճի՞շտ է, որ ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը ամսական տաբելը լրացնելիս ԱԺ նախագահի հրահանգով մշտապես Էդգար Մուրադյանի անվան դիմաց ներկա է գրել՝ ապահովելով նրա՝ աշխատավարձի ամբողջական ստացումը:

5. Իրականում Էդգար Մուրադյանի աշխատավարձը ստանում է ինքը՝ Մուրադյա՞նը, թե՞ նրա բանկային քարտին փոխանցված գումարը ձեր մտերիմներից մեկին է փոխանցվում եւ ի՞նչ նապատակով:
Ի պատասխան՝ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելի Ղուլյանը հաստատել է մեր բոլոր ինֆորմացիաները, որոնք շարադրված էին հարցերում: Ճիշտ է, հրաժարվել է տրամադրել Էդգար Մուրադյանի մուտք ու ելքի մասին հստակ տեղեկություն, բայց հայտնել է, որ, այո, Էդգար Մուրադյանը հեռավար է աշխատում, այսինքն՝ աշխատանքի չի գալիս, առանձնացված սենյակ, համապատասխան ցուցանակ ու աշխատանքային պայմաններ չկան նրա համար: «Անհրաժեշտության դեպքում աշխատում է ԱԺ նախագահի աշխատակազմին հատկացված ընդհանուր աշխատասենյակներից մեկում»,- գրել է ԱԺ նախագահի խոսնակը:

Այսինքն՝ միայն անհրաժեշտության դեպքում է աշխատում, իսկ իրականում կան ամիսներ, որ ընդհանրապես ԱԺ չի մտել ռեֆերենտը: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանի կողմից կատարված ենթադրյալ կեղծիքին, ապա ԱԺ նախագահի խոսնակը լղոզված պատասխան է տվել. «ԱԺ նախագահի գրասենյակի աշխատակիցների ներկայությունը լրացվում է աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում՝ սահմանված կարգով»: Այսինքն՝ հաստատել է նաև այդ ինֆորացիան: Այ թե ով է իրականում ստանում Մուրադյանի աշխատավարձը. ԱԺ-ից գրել են որ «փոխանցվում է իրեն պատկանող բանկային հաշվեհամարին»։

Այս մասով դեռ լրացուցիչ ճշտումներ կանենք, քանի որ կասկածահարույց տեղեկություններ ունենք:
Բայց այժմ ներկայացնենք նաև, թե ով է արտոնյալ ռեֆերենտը, որ աշխատում է «Կարույուտ» ընկերությունում՝ ըստ իր համացանցային էջի, սակայն համատեղության կարգով ԱԺ նախագահի ռեֆերենտ է աշխատում:

Պարզվեց, որ նա ԱԺ իշխանական պատգամավոր Լենա Նազարյանի օգնական Սյուզաննա Գալստյանի ամուսինն է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին