Թարմացված․ «Ես ներկայացրի, որ դանակը գործի բերումով երբեմն անհրաժեշտ է՝ լար կտրելու կամ այլ գործի ժամանակ։ Մի քանի անգամ անցակետով անց եմ կացել, մոռացել էի, որ դանակ կա բաճկոնիս գրպանում, դրամապանակս հանեցի, դանակն ավելի խորն էր, մոռացել էի։ Ես կարգուկանոնին տեղյակ էի, առաջին անգամը չէ, որ ԱԺ էի մտնում»,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Նյուդեյ» լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանը, ով այսօր բերման էր ենթարկել, քանի որ ԱԺ մուտք գործելիս Խաչատրայնի մոտ փոքր դանակ էր հայտնաբերվել։
ԶԼՄ ներկայացուցիչը նշեց, որ ի սկզբանե բերման են ենթարկել այն պատճառով, թե միտումնավոր է փորձել անցկացնել դանակը։
«Միտում չի եղել, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր, մոռացել էի դրա մասին։
Գործ չեն հարուցում, ասացին՝ դանակը կվերադարձնեն փորձաքննությունից հետո։ Ես դա սառը զենք չեմ համարում, որովհետև սառը զենքը պետք ա լինի մետաղից, իսկ դա մետաղ չի, դյուրալ ա, չափեցին, չորս մատն էլ չի անցնում։ Վստահ եմ, որ գործ չեն հարուցի, քանի որ դա սառը զենք չի համարվում»,- ասաց Խաչատրյանը։
ԱԺ-ից ձերբակալել են Անի Գևորգյանի օպերատորին․ Տեսանյութը՝ լրագրողի ֆեյսբուքյան էջից
***
«Շատ ստանդարտ իրավիճակ է: Երբ ռեժիմային հիմնարկ սառը զենքի տպավորություն թողնող առարկայով մարդ է մտնում, բնականաբար, այսպիսի հետևանքներ օրենքով նախատեսված են»,- լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ԱԺ-ից NewDay-ի օպերատորին բերման ենթարկելուն: «Ձեռնաշղթաներ հագցնելու ոչ մի հիմք չեմ տեսնում: Համապատասխան առարկան ուղարկվելու է փորձաքննության: Ես չեմ զարմանա, եթե փորձաքննությունը տա, որ դա սառը զենք չի համարվում: Սառը զենք կրելը օրենքով արգելվում է»,- ընդգծեց փաստաբանը: |