▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա այսպես են իշխանությունները որոշել ազատամարտիկից վրեժխնդիր լինել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (նախկին 6-րդ) վարչություն բողոք է ներկայացվել «Ապարան» ջոկատի հրամանատար, «Ազատամարտի նվիրյալներ» ՀԿ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի դեմ: Ըստ այդ տեղեկությունների՝ հաղորդման հեղինակը «Ռ.Վ գազ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկի՝  ազատամարտիկ Վահագն Մխիթարյանի որդին է՝ Ռաֆայել Մխիթարյանը: Նա ոստիկանությանը փորձում է համոզել, թե իբր Ռ. Պետրոսյանը զենքով ահաբեկում է իրենց ընտանիքին: «Ժողովուրդը» սեպտեմբերի 25-ին տեղեկացրել էր, որ նշված ընտանիքի եւ Պետրոսյանի միջեւ գույքային վեճ կա: Կարելի է ենթադրել, որ Ռազմիկ Պետրոսյանի հետ կապված վերջին աղմկոտ պատմություններից հետո ՀՀ իշխանությունները որոշել են այս կերպ նրանից վրեժխնդիր լինել` փորձելով նրա դեմ քրեական գործը «վերակենդանացնել»: Ներկայումս ոստիկանությունում այս հաղորդման հիման վրա հետաքննություն է ընթանում, եւ նյութեր են նախապատրաստվում:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ» թերթում

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ նաև ստորև. 

 

«ԱՊԱՐԱՆ» ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ՊԱՏԺՈՒՄ ԵՆ

 

Երեկ «Ազատամարտի նվիրյալներ» ՀԿ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի դեմ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (նախկին 6-րդ) վարչություն բողողք է ներկայացվել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ազատամարտիկի դեմ ցուցմունք է տվել «Ռ.Վ գազ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկը՝ ազատամարտիկ Վահագն Մխիթարյանի որդին՝ Ռաֆայել Մխիթարյանը:

 

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ դեռեւս 2013թ. փետրվարի 5-ին «Ռ.Վ գազ» ՍՊԸ գազալցակայանում կրակոցներ էին հնչել: Գազալցակայանի սեփականատեր, 31-ամյա Ռաֆայել Մխիթարյանը կրակել էր Աշտարակի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տեսուչների վրա, քանի որ վերջիններս 3,5 միլիոն պարտքի դիմաց դադարեցրել էին գազալցակայանի գազի մատակարարումը:

Տեղի ունեցած միջադեպից հետո գազալցակայանի շուրջ առաջացած կրքերը դեռ չեն հանդարտվել: 2014թ. սեպտեմբերի 25-ին «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Ռաֆայել Մխիթարյանը պատմել էր, որ Ապարանի նախկին քաղաքապետ, «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը ցանկանում է տիրանալ իր՝ Աշտարակ-Էջմիածին խճուղում գտնվող «Ռ.Վ գազ» ՍՊԸ գազալցակայանին, ուստի մշտապես իր համար խնդիրներ է ստեղծել: Նշենք, որ  «Ազատամարտի նվիրյալներ» ՀԿ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր հայացքներով հայտնի Ռազմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով Ռաֆայել Մխիթարյանի հայտարարությանը, ասել էր. «Ես քաղաքական դաշտում եմ, եւ բնական է՝ ինչ-որ բաներ պետք է փորձեն անել, թող անեն: Իրավապահ մարմինները թող աշխատեն: Եթե դիմել են իրավապահներին, ու մենք էլ հանցագործություն ենք կատարել, ուրեմն պետք է պատժվենք, ինչի մասին է խոսքը»:

Այս հրապարակումից 2,5 ամիս անց Ռաֆայելն իր մայրիկի հետ դիմել է  ոստիկանություն եւ հայտնել, որ Ռազմիկ Պետրոսյանը զենքով ահաբեկում է իրեն, եւ ինքը ոստիկանություն է դիմել՝ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար. «Անհնար է աչք փակել այն ամենի վրա, ինչ անում է Ռազմիկ Պետրոսյանը: Ես մի կերպ իմ բնակարանն եմ փրկել, բայց կրկնում եմ՝ թույլ չեմ տա, որ իմ գազալցակայանը վերցնեն: Թե ինչ խարդախությամբ է Ռազմիկ Պետրոսյանն իմ գազալցակայանը վերցրել իր ձեռքը, այդ ամենը մանրամասն փաստաթղթերով ներկայացրել եմ ոստիկանություն: Կլինեն շատ մարդիկ, ովքեր կհաստատեն այս ամենը: Այս ամենը քաղաքականության հետ չկապեք: Ավելին՝ ես հայտարարում եմ, որ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի հետ որեւէ կապ չունեմ, ինչու եմ այս մասին ասում, քանի որ հիմա բոլորը կասեն, թե ես նրա մարդն եմ ու ամեն ինչ անում եմ՝ Ռազմիկ Պետրոսյանին բռնել տալու համար: Իմ եւ Ռազմիկ Պետրոսյանի կռիվն արդեն երկու տարի է, ինչ շարունակվում է»:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի դեմ  նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը ծեծի էին ենթարկվել Սերժ Սարգսյանին հայհոյելու համար: Եւ հենց նա՝ Ռազմիկ Պետրոսյանը, անձամբ պատմեց դեպքի մանրամասները, «հին կռիվը հիշեցին», ու դիմումը հրապարակ նետվեց:

Նյութը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին